Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է աճուրդներին, որի ընթացքում ինչ-որ ապօրինություններ են արձանագրվել, հողերի անօրինական օտարում՝ տեղեկացանք մեր աղբյուրից:
Հրապարակ թերթը գրել է․ Ներսիսյանի տանը խուզարկություն է իրականացվել: Նրա որդուն՝ Նաիրի Ներսիսյանին եւս մեղադրանք է առաջադրվել: Նա գործով անցնում է որպես օժանդակող: Հիշեցնենք․ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է 1999-2011 թթ․ Իջեւան համայնքը ղեկավարած Վարուժան Ներսիսյանին եւ նրա որդուն՝ Նաիրի Ներսիսյանին:
Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը հաղորդում է. «Վարուժան Ներսիսյանը մեղադրվում է փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաեւ նախկին քաղաքապետի որդին»։
Իջեւանում պատմում են, որ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը քաղաքում մի քանի շենք-շինություն ունի, որոնց մի մասը կենտրոնում է: Ասում են, որ Վարուժան Ներսիսյանի ունեզրկման պրոցես են սկսել, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է այդ շենքերը վերցնել ձեռքից: «Նիկոլը լավ գիտի, թե Վարուժանն ինչքան շինություններ ունի քաղաքում, ուզում է փայ պոկի:
Քաղաքի կենտրոնում ինչքան լավ տեղ կա, ինքն ա վերցրել»,- ասում է մեր զրուցակիցը, որը հարգում է Ներսիսյանին այն բանի համար, որ նա ընդդիմադիր հայացքներ ունի եւ անցյալ տարվա ամռանը մասնակցել է Ոսկեպարի համար ցույցերին:
Նաեւ, որպես արժանիք, ընդգծում է, որ Վարուժան Ներսիսյանը կրթված քաղաքապետ էր, ավարտել է համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, եղել է ԱԺ պատգամավոր, Տավուշի մարզպետի տեղակալ լուսահոգի Ջեմմա Անանյանի կադրերից է:
Վարուժան Ներսիսյանն Իջեւանում գործող արտադրամասեր կամ այլ բիզնեսներ չունի: Իրեն պատկանող շենք-շինությունները նա հանձնում է վարձակալությամբ, ինչից էլ գոյանում է Ներսիսյանների ընտանիքի եկամուտը:
Շենքերից մեկում երկու կարի արտադրամաս է գործում: Ի դեպ, 2 ամիս առաջ՝ օգոստոսի 8-ին, արտադրամասերից մեկում աշխատող հնդիկները փակել էին Իջեւանի ճանապարհը եւ պահանջում էին իրենց չվճարված աշխատավարձը: Այդ արտադրամասի ղեկավարը, որը չէր վճարել բանվորներին, տարածքը վարձակալում է Վարուժան Ներսիսյանից:
Իր շենք-շինությունների մի մասը Վարուժան Ներսիսյանը կորցրել է, քանի որ դրանք ձեւակերպված են եղել այլ անձանց անուններով: Մի անեկդոտանման պատմություն է շրջում Իջեւանում՝ որ Վարուժան Ներսիսյանի ընկերներից մեկը, որի անունով անշարժ գույք է ձեւակերպված եղել, մահացել է, եւ նրա ընտանիքի անդամները հրաժարվել են վերադարձնել գույքը, ասելով՝ պապայի ունեցվածքն ա, չենք տալիս:
Պատմում են նաեւ, որ Վարուժան Ներսիսյանը, լինելով ՀՀԿ-ական, 4 ժամկետ քաղաքապետ ընտրվելով, ժամանակին լավ կապեր է ունեցել ՀՀԿ-ական վերնախավի՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ:
«Դժվար թե այս գործերն իրավական առումով ապագա ունենան: Վարուժան Ներսիսյանը հաստատ իրավական առումով անթերի փաստաթղթեր ունի»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը, որը ժամանակին քաղաքացիական դատարանում «դատվել» է Իջեւանի նախկին քաղաքապետի հետ:
«Այո, նա ինձ դատի էր տվել, բայց ես նրան հարգում եմ, որովհետեւ խելացի մարդ է»,- ասում է նա:
Զրուցեցինք Վարուժան Ներսիսյանի փաստաբանի՝ Սերգեյ Մարաբյանի հետ: «Սպասում ենք կալանքի նիստին: Այս պահին ուրիշ ոչինչ ասել չեմ կարող: Մեղադրանքը ներկայացված է, դեռ չեմ ներգրավվել»,- ասաց փաստաբանը: Հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է Վարուժան Ներսիսյանի վերաբերյալ մյուս գործը, որը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում, եւ որով դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ է ներկայացրել:
«Այդ գործով նախնական քննության փուլում ենք: Այնտեղ նույն մեղադրանքն է՝ փողերի լվացում, պաշտոնեական դիրքի չարաշահում: Բայց նա այս գործի հետ որեւէ կապ չունի»,- ասաց Սերգեյ Մարաբյանը: Հարցրինք, թե հնարավո՞ր է, որ մեղադրանքը քաղաքական աստառ ունի, չէ՞ որ Վարուժան Ներսիսյանն ընդդիմադիր հայացքներ ունի: «Ես չեմ կարող նման բան պնդել: Դա կոռեկտ չի լինի իմ կողմից»,- ասաց Մարաբյանը: Այլ մանրամասներ, թե հատկապես որ գույքին է վերաբերում նոր վարույթը, պաշտպանը չհայտնեց:
Բաց մի թողեք
Արհեստական խցանումներ Երևանում
Ի՞նչ ակցիա է նախատեսված այսօր, այն ի՞նչ ազդեցություն կունենա
Էկոնոմիկայի նախարարն էլի անտեղյակ է