Հոկտեմբերի 1-ին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Հայաստանի Հանրապետության որքա՞ն հողատարածք է գտնվում Ադրբեջանի հետ սահմանամերձ, վտանգավոր, ականապատ գոտում եւ այդ պատճառով չի մշակվում։
Որքա՞ն հողատարածք է գտնվում Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ, այդ գյուղնշանակության հողերի համար 2025 թվականին պետբյուջեից որքա՞ն գումար է տրվել սահմանամերձ համայնքներին»։ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Գայանե Աթոյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Ադրբեջանի հետ սահմանամերձ, վտանգավոր, ականապատ գոտում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղեկատվություն առկա չէ»։
Էկոնոմիկայի նախարարությունը կառավարում է նաեւ գյուղատնտեսության ոլորտը, այդ նախարարության կազմում գործում է գյուղատնտեսական 6 վարչություն` ագրովերամշակման, գյուղատնտեսական ծրագրերի նախագծման, գյուղատնտեսական ծրագրերի իրականացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական խորհրդատվության եւ նորարարությունների, սակայն նախարարությունը տեղեկատվություն չունի Ադրբեջանին սահմանակից գյուղատնտեսական չմշակվող, չօգտագործվող հողերի վերաբերյալ։ Մինչդեռ այդ հողերը Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում տասնյակ հազարավոր հեկտար վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքներ են, որոնց դիմաց ամեն տարի պետական բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ են տրվում սահմանամերձ համայնքներին։
2025թ․ հուլիսի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Տավուշի մարզի սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվող, չօգտագործվող հողատարածքները քանի՞ հեկտար են կազմում, 2025թ․ պետական բյուջեից մարզի սահմանամերձ, չօգտագործվող հողերի համար Նոյեմբերյան, Իջեւան, Բերդ համայնքներին որքա՞ն գումար է տրվել։ Մարզպետարանից պատասխանել են․ «2025 թ. պետբյուջեից սահմանամերձ չօգտագործվող սեփականաշնորհված հողատարածքների համար հատկացվել է 79.328.0 հազար դրամ փոխհատուցման գումար (հողատարածքների համար առաջարկում ենք դիմել համայնքներին)»: Էկոնոմիկայի նախարարությունում այս կարեւոր խնդրից էլ են անտեղյակ։
Բաց մի թողեք
Արհեստական խցանումներ Երևանում
Ի՞նչ ակցիա է նախատեսված այսօր, այն ի՞նչ ազդեցություն կունենա
Նիկոլ Փաշինյանն ինչու է Գյումրի մեկնել