Եթե նույնիսկ Հայաստանի իշխանություններն հենց այսօր էլ գրավեն Ս․ Էջմիածնի վանքի վեհարանը, կամ իրենց սրտի ուզած որեւէ հոգեւորականի նշանակեն «կաթողիկոս» կամ «կաթողիկոսական տեղապահ» միեւնույնն է՝ Առաքելական եկեղեցու ավանդույթների, կարգ ու կանոնի համաձայն, որեւէ բանի հասած չեն լինի։
Նշանակվածը պատմության, ժամանակի եւ սեփական ժողովրդի համար կմնա «հակաթոռ» խարանով՝ դրա ողջ խայտառակությամբ հանդերձ, որը կտարածվի նաեւ՝ ապագա սերունդների աչքում Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ ուենցած վերաբերմունքի վրա։
Հատկապես երեկվա հրապարակված «հայտնի ձայնագրությունից» հետո, տողերիս հեղինակի կարծիքով միակ խելամիտ լուծման տարբերակը հետեւյալն է․
Նախ, եթե իշխանություններն ունեն ուղիղ ապացույցներ, որ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը իր ենթակայության ներքո գործող եկեղեցականներին, անկախ աստիճանից ու պաշտոնից, ուղղակի կամ անուղղակի կերպով դրդել է մասնակցելու որեւէ քաղաքական գործողության կամ միջոցառման, ապա պետք է դա ներկայացնի։
Ընդ որում, դա պետք է վերաբերի ոչ միայն հակաիշխանական քաղաքական գործողություններին կամ միջոցառումներին, այլ նաեւ՝ իշխանության կազմակերպած կամ իշխանամետների կազմակերպված քաղաքական միջոցառումներին ու գործողություններին։
Այլ կերպ ասած՝ պետք է դիտարկել մեդալի երկու կողմն էլ։ Ինձ համար օրինակ՝ բացարձակապես միեւնույնն է՝ Գարեգին 2-րդը քանի կին կամ քանի «քած» ունի, քանի զավակ կամ քանի թոռ եւ կամ էլ կուսակրոնության ուխտը օրական քանի անգամ է խախտում, քանի ժամով եւ ում/քանիսի հետ։ Սակայն ինձ համար, որքան էլ համարվեմ Առաքելական եկեղեցու ոչ այնքան բարեպաշտ հետեւորդ, կարեւոր է, որ պահպանվի այն սկզբունքը, որը սահմանել է անձամբ համաքրիստոնեական կամ Ընդհանրական եկեղեցու Գլուխն հանդիսացող Հիսուս Քրիստոսը՝ «Կայսրինը կայսեր, Աստծունը Աստծուն», որը ժամանակակից լեզվում թարգմանվում է՝ եկեղեցական առաքելության մեջ քաղաքական հարցերի հանդեպ կատարյալ կամ բացարձակ չեզոքության պահպանում, հաշվի առնելով, որ բոլոր քաղաքական ճամբարներում գտնվողներն էլ նույն Եկեղեցու զավակներն են, թեկուզ միայն պաշտոնապես եւ Եկեղեցին շատ ավելի բարձր առաքելություն ունի, որպես աստվածամարդկային կառույց՝ իրեն վստահված հանրույթում եւ պարտավոր է վեր կանգնել ցանկացած քաղաքական հարցից՝ հանդես գալով որպես բոլորի համար հաշտարար։
Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ժամանակներում Իսրայելի ժողովուրդը, որի ծոցում մարմնացավ ու մարդացավ Աստվածորդին, գտնվում էր Հռոմեական կայսրության լծի ներքո ու Հռոմի կայսրերը բառի ամենակատարյալ իմաստով էին հանդիսանում չարի եւ մեղքի մարմնացում։ Սակայն դրանով հանդերձ, ոչ Հիսուս Քրիստոսը, ոչ Նրա առաքյալները, ինչպես կարդում ենք թե Աստվածաշնչում, թե Եկեղեցական Ավանդության մեջ եղած մատենագրական եւ այլ հուշարձաններում, երբեք հանդես չեկան ժամանակի քաղաքական կամ պետական իշխանությունների դեմ եւ պահպանեցին չեզոքություն այդ հարցում։ Եւ ուրեմն, եթե այս պատգամը խախտվել է, ապա դրա մասին պետք է իմանալի լինի։ Սակայն այն մեթոդը, որով գործում են Հայաստանի իշխանությունները, ճիշտ չէ։
Ունեցած տեղեկությունները, որոնք անպայման պետք է նաեւ ձեռք բերված լինեն օրինական ճանապարհով, որպեսզի համարվեն վավերական, Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն հանրությանը, ապա արդեն, որպես իշխանություն, պետք է գրավոր կերպով կամ հանրայնորեն պահանջ ներկայացնեն Առաքելական եկեղեցու բարձրագույն իշխանության մարմիններին՝ հրավիրելու համար Ազգային-Եկեղեցական ժողով՝ քննելու համար գործող կաթողիկոսի՝ հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը, ըստ ներկայացված նյութերի, որոնց մասին խոսեցինք վերեւում։ Ազգային-Եկեղեցական ժողովն ինքը պետք է արդեն որոշի ինչ անել՝ իր լիազորության շրջանակում։
Ընդ որում, լուծումը կարող է լինել հետեւյալ կերպով՝ գործող կաթողիկոսին ուղարկել հանգստի, ընտրել աթոռակից կաթողիկոս, ով կղեկավարի Եկեղեցին, եթե Ժողովը գտնի, որ ներկայացվածը այնպիսի խնդիր է ստեղծում, որը գործող կաթողիկոսի հետագա պաշտոնավարումը դարձնում է անհնարին։ Սա, տողերիս հեղինակի կարծիքով ամենից ընդունելի եւ նորմալ ճանապարհն է։ Ու «աթոռակից կաթողիկոս» աստվածը օդից չի վերցվել։
Առաքելական եկեղեցու ավանդության մեջ այն կա եւ մինչեւ հիմա էլ գործում է․ ժամանակավրեպ միջնադարյան վերապրուկ չէ, ինչպես «Կանոնագիրք Հայոցի» շատ հոդվածներ։ Գարեգին 1-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը Անթիլյասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս եղած ժամանակ տեւական շրջան եղել է հենց Աթոռակից կաթողիկոս։ Այսինքն, թե՝ տարբերակը, որն առաջարկում ենք, լիովին կենսունակ է։
Բաց մի թողեք
Նիկիայի Տիեզերական ժողովի հոբելյանի հանդիսապետությունը կընկլավի նաև որպես հայ-թուրքական պատմական հաշտեցման խորհրդանշական ուղերձ
Ալիևը ստեղծում է կառավարելի քաոս, որ այդ պատճառաբանությամբ հայ-ադրբեջանական կարգավորումը ձգձգի
Ինչո՞ւ Սյունիքում ուժային հավասարակշռություն հաստատելու հրապարակային նպատակադրվածությամբ շրջանառվում է մի նախագիծ ․․․