19/11/2025

53 քննիչներ աշխատում են, ինչ են փորձում անել, առայժմ միայն երկարացնում են կալանքը

Գործարար Սամվել Կարապետյանի  պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Արամ Վարդևանյանը հրավիրած ասուլիսում  անդրադարձել է  Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի վերջին որոշումներին։

Նրա խոսքով՝ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել է դատախազության բողոքը, ինչի արդյունքում մեղադրանքի մեծ մասը՝ հատկապես տնտեսական բնույթի դրույթները, չի հաղթահարել հիմնավոր կասկածի նվազագույն շեմը։

Այս իրավիճակում, ըստ փաստաբանի, ուժի մեջ է մնացել միայն Կարապետյանին վերագրվող մի արտահայտություն Մայր Աթոռի պաշտպանությանը մասնակցելու վերաբերյալ, որն ինքնին ենթադրում է առավելագույնը հինգ ամիս նախաքննության ժամկետ։

Վարդևանյանի հայտարարությամբ՝ եթե ամբողջ մեղադրանքի շրջանակում պահպանված են միայն այդ դրվագները, ապա նոյեմբերի 18-ին կալանքի ժամկետի լրանալուն պես Կարապետյանը պետք է ազատ արձակվեր։ Սակայն ներկայացված նոր միջնորդությունը, ըստ նրա, փաստում է, որ գործընթացը շարունակում է դուրս մնալ իրավական տրամաբանությունից։

Պետական քրեական հետապնդման մարմինները միջնորդություն են ներկայացրել ազգային բարերար և գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով շարունակելու համար,- նշեց նրա պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ գործարարն արդեն մոտ հինգ ամիս պահվում է կալանքի տակ։

Փաստաբանի խոսքով՝ քննությունը վարելու համար ձևավորված խումբը ներառում է հիսունից ավելի քննիչ, որոնք աշխատում են դեռևս հուլիսից։ Վարդևանյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, նրանք կրկին դատարանից պահանջում են նախաքննությունը շարունակելու համար լրացուցիչ ժամանակ, իսկ Կարապետյանը պետք է մնա կալանքի տակ։ Փաստաբանը սա գնահատեց որպես իրավական շրջանակներից դուրս գործողություն։