26/12/2025

Ո՞վ է նախաձեռնել Իլհամ Ալիևի կոռուպցիան «կայսրության ոչնչացումը

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը «առանձնակի խոշոր ծավալի մաքսանենգություն է բացահայտել»:

Ըստ տեղեկությունների, խոսքը «հինգ միլիոն մանաթի ծխախոտի» մասին է, որ հայտնաբերվել է Բաքվի միջազգային առեւտրային նավահանգստի մաքսային ծառայության պետ Դաշդամիրովի մերձքաղաքային առանձնատան նկուղային հարկերում:

Դաշդամիրովը և մաքսային ծառայության այլ աշխատակիցներ դատարանի վճռով կալանավորվել են:

Քննությունը ՊԱԾ-ից փոխանցվել է գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությանը: Հայտնի է դարձել, որ Մաքսային կոմիտեի ծովային և էներգետիկ բեռնափոխադրումների վարչության պետ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Հասան Էյուբովը «թոշակի անցնելու պատճառով» ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «ձերբակալվել է գործարար Ռուսլան Էյուբովը»:

Ըստ տեղեկությունների, նա Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի սեփականատերն է և հանդիսանում է Մաքսային կոմիտեում զբաղեցրած պաշտոնից «թոշակի անցած» Հասան Էյուբովի հարազատ եղբայրը:

Խնդիրն էական հետաքրքրություն չէր ներկայացնի, եթե ադրբեջանական լրատվամիջոցները չհայտնեին, որ նրանք «նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Բեյլար Էյուբովի զարմիկներն են»:

Բանն այն է, որ Բեյլար Էյուբովը Հեյդար Ալիևի անձնական թիկնապահն է եղել դեռևս Նախիջևանում, նրա հետ տեղափոխվել է Բաքու և նշանակվել նախագահի անվտանգության ծառայության պետ և պաշտոնավարել մինչև 2024 թվականը:

Ամենայն հավանականությամբ, Էյուբովի ծառայությունները շատ թանկ են կամ նա իշխող ընտանիքի հետ կապված է գործարար շահերով: Այլապես Իլհամ Ալիևը նրան չէր նշանակի աշխատակազմի քարտուղարության պետ:

Էյուբովի վերաբերյալ անցյալ շաբաթ կառավարությունը հատուկ որոշում է կայացրել և նրան ներառել Ադրբեջանի բոլոր օդանավակայանների VIP սրահներից առանց ստուգման օգտվելու իրավունք ունեցող պետական բարձաստիճան պաշտոնյաների ցանկում:

Բաքվի առեւտրային նավահանգստում մաքսանենգության բացահայտումը, Էյուբովի զարմիկների կալանավորումը հաջորդել է նրա վերաբերյալ վարչապետ Ասադովի ստորագրությամբ կայացված որոշումից երկու օր հետո:

Ադրբեջանի ՊԱԾ-ը նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մահթիևի նկատմամբ քրեական վարույթ է իրականացնում: Մամուլը գրում է, որ իշխանության ամենատարբեր օղակներում և Միլլի մեջլիսում «Մեհթիևն ունի հավատարիմ մարդիկ, որ իրենց ստվերային կապերով խոչընդոտում են պետական դավաճանության բացահայտմանը»:

Այս համատեքստում ո՞վ է նախաձեռնել Իլհամ Ալիևի աշխատակազմի քարտուղարության, նրա անվտանգության ծառայության նախկին պետ Բեյլար Էյուբովի կոռուպցիան «կայսրության ոչնչացումը:

Սա այն դեպքն է, երբ Ալիևը չի կարող ասել, որ Բեյլար Էյուբովը «Մեհթիևի դրածոն է»: Նախիջևանի ՆԳ բաժնի թաղային Բեյլար Էյուբովը ոչ միայն Հեյդար Ալիևի մտերիմը, այլև նրա քրոջ փեսան է, ընտանիքի անդամ: Ըստ երևույթին, Մեհթիևի գործն, իրոք, չափազանց բարդ է:

Բայց Ալիևն սկսել է, ինքն էլ պետք է ավարտին հասցնի: Հակառակ դեպքում կհեղինակազրկվի լիովին: Եթե, իհարկե, մինչ այդ առկա «ով,նում» իրավիճակը չվերաճի ներիշխանական-ներկլանային դիմակայության: