24/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Մոսկվայում մահապարտ ահաբեկիչը ռումբ է նետել ոստիկանական մեքենայի վրա. զոհվել է ոստիկան, կան տուժածներ

Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Սավելովսկի երկաթուղային կայարանի մոտ, հզոր պայթյուն է տեղի ունեցել։

Մահապարտ-ահաբեկիչը ոստիկանական մեքենայի ուղղությամբ նետել է ինքնաշեն պայթուցիկ սարք, զոհվել է ճանապարհային ոստիկանության աշխատակից։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործը նույնպես մահացել է դեպքի վայրում։

Եվս երկու ոստիկան տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց և ստանում է որակյալ բժշկական օգնություն։ Մեկը ստացել է ուղեղի վնասվածք, իսկ մյուսը՝ դեմքի այրվածք և ուղեղի ցնցում։

Համացանցում հայտնվել են պայթյունի վայրից լուսանկարներ և կադրեր, որոնցում երևում է, որ հանցագործի նետած սարքը շատ հզոր է եղել. մեքենայի բոլոր դռները վնասվել են, պատուհանները կոտրվել են, իսկ տանիքը պայթյունից ճաքել է։

Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածի («Իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն») և Ռուսաստանի քրեական օրենսգրքի 222.1 հոդվածի 1-ին մասի («Պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառություն») հատկանիշներով։

Դեռևս անհայտ է՝ հանցագործը հանցակիցներ ունեցե՞լ է: Մասնավորապես հաղորդագրություններ կային, որ կարճ սանրվածքով սևազգեստ տղամարդը նկարահանել է հարձակումը, ապա փախել։

ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ ոստիկանները շարունակում են համագործակցել այլ իրավապահ մարմինների իրենց գործընկերների հետ։