Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, կարգավիճակի բերումով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Լ Բոնոն, որ անցնող շաբաթ բանակցություն էր վարում Հայաստանում, Բաքվի ճանապարհին է:
Բոնոն Ադրբեջանում կլինի առաջիկա օրերին, ինչպես հայտարարվել է, ու կբանակցի նաեւ Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, խաղաղ գործընթացի թեմայի շրջանակում, ամերիկացի դիվանագետի համար թերեւս ուշադրության առարկա պետք է լինի մի հարց, որն ըստ էության իր համար ունի այսպես ասած կարգավիճակային առնչություն:
Խոսքը Ադրբեջանի նախագահի մակարդակով ձեւակերպված նպատակի մասին է, որ փետրվարից ի վեր բարձրաձայնել ու առաջ է փորձում մղել Բաքուն՝ «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբ ու համանախագահությունը»:
Ալիեւն այդ հարցը արդեն երկրորդ անգամ է բարձրացնում ԵԱՀԿ հործող նախագահի հետ հանդիպմանը: Դժվար է ասել, Կովկասի հարցերի ամերիկացի գլխավոր բանակցող, Մինսկի խմբի համանախագահ Լ Բոնոյի առաջ Բաքուն այդ հարցը կդնի՞, թե ոչ, բայց թերեւս վատ չէր լինի, եթե Ադրբեջանի առաջ այդ հարցը դներ ինքը Բոնոն, բայց հակառակ դիրքով:
Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Բոնոն թերեւս Բաքվին հստակ ազդակ հղի, որ Միացյալ Նահանգները չնայած Ռուսաստանի հետ հակադրոության պատճառով չի իրականացնում համանախագահության ձեւաչափի աշխատանք, այդուհանդերձ նաեւ դեմ է այդ ձեւաչափի լուծարմանը: Իսկ դեմ լինելու հարցում կա առնվազն մեկ պատճառ՝ խաղաղության անհրաժեշտությունը:
Մինսկի խմբի համանախագահությունը ըստ էության միակ հավասարակաշռված երեւույթն էր հետխորհրդային Կովկասում: Այսօր իրողությունները հիմնավորապես այլն են, սակայն դրանք ոչ թե ավելորդ են դարձնում, այլ առավել սրում են հավասարակշռության հարցը Կովկասում՝ որպես կայունության եւ խաղաղության հիմնարար գրավական կամ նախադրյալ:
Թեեւ համանախագահությունը չաշխատող ձեւաչափ է՝ այսօր, այդուհանդերձ դրա անգամ «գզրոցային փոշոտ» գոյությունն իսկ ունի ազդեցություն, հակառակ պարագայում Բաքվի ղեկավարը պաշտոնապես չէր ստանձնի այդ խնդրի սպասարկումը եւ չէր դնի այդպիսի նպատակ:
Ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի դիրքից քաղաքականություն վարող Իլհամ Ալիեւը հասկանում է, որ Մինսկի խմբի համանախագահության գոյությունը այն «բարաթն» է, որը մի օր ի հայտ է գալու եւ վեր հանի «Զիմզիմովի» հանցագործությունները:
Ազատվելով դրանից, Ալիեւն իրեն զգալու է առավել անպատժելի, ինչից Կովկասի խաղաղությունը շահել չի կարող: Ըստ այդմ, Նահանգները, որոնք արտահայտվում են Կովկասի խաղաղության, եւ Հայաստան-Ադրբեջան հավասարակշռված գործընթացի օգտին, թերեւս պետք է ցրեն Մինսկի խումբը լուծարելու Ալիեւի պատրանքը կամ սպասումները:
Բաց մի թողեք
Երևանը փորձում է հարցը պահել «ննջած» վիճակում, «չարթնացնել» …
Փաշինյանը իրավիճակը գնահատել է լուրջ. ադրբեջանցիները կգան, հայերը՝ չեն գնա
2025 թ.-ին հաղորդուղիների ապաշրջափակման հարցը կարող է և վերադառնալ «ակտուալ» օրակարգ