17/04/2026

EU – Armenia

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը Հայաստանի տնտեսության մասին

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները վկայում են, որ Ադրբեջանի տնտեսությունը տևական ստագնացիայից մտել է ռեցեսիայի փուլ: Այդ մասին հայտնել է Բաքվի իշխանամետ haqqin.az-ը:

Լրատվամիջոցը «պարքդոքսալ» է անվանել հատկապես նավթագազային ոլորտում իրավիճակը: Չնայած էներգակիրների համաշխարհային շուկայում «նպաստավոր կոնյունկտուրային», հունվար-մարդ ամիսներին Ադրբեջանում արձանագրվել է նավթի և գազի արտահանումից եկամուտների 1,2 տոկոսի անկում:

Ավելի քան մեկ երրորդով կրճատվել է ընդհանուր արտահանումը, գրեթե նույնքան՝ ներմուծումը: Եռամսյակի կտրվածքով սղածը կազմել է մոտ վեց տոկոս, ինչը «կլանել է տարեսկզբից բարձրացված աշխատավարձը, մարդիկ փաստացի ավելի քիչ են գնումներ կատարում, քան անցյալ տարվա նույն ամիսներին»:

Կառավարությունը, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցն է ձևակերպել, «անցել է խնայողության. բյուջեի ծախսերը կրճատվել են 3,7 տոկոսով»: Նախօրեին Եվրոպայում հրատարակվող «Ազադլըգ» պարբերականը ահազանգել է, որ «գյուղական հարյուրավոր բնակավայրերում դպրոցները հայտնվել են փակման վտանգի տակ»:

Իրականում ի՞նչ է կատարվում Ադրբեջանի տնտեսության հետ, որո՞նք են ստագնացիայի և ռեցեսիայի պատճառները, ի՞նչ հետևանքների կարելի է սպասել, -պրոֆեսիոնալ վերլուծության ոլորտի հարցեր են:

Կոնկրետ այս դեպքում աչքի զարնում Բաքվի իշխանական լրատվամիջոցի մոտեցումը, երբ իր երկրի տնտեսական կացությունը համեմատում է հարեւանների հետ, բայց վկայակոչում միայն Վրաստանը, Ղրղըզստանը և Ուզբեկստանը, երկրներ, որտեղ տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է յոթ-ութ տոկոսի ՀՆԱ-ի աճ:

Նախօրեին ընդդիմադիր «Ազադլըգը» հրապարակել է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը՝ 7,4 տոկոս և ընդգծել, որ Ադրբեջանը Հայաստանին զիջում է ինչպես մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, այնպես էլ միջին աշխատավարձի ցուցանիշներով:

Այդ տվյալները, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի իշխանական մամուլը չի հրապարակում: Պատճառը հասկանալի է: Պետական քարոզչությունը չի կարող հանրայնացնել, որ «ջախջախված» Հայաստանում քաղաքացին ավելի բարեկեցիկ կյանք ունի, քան՝ «պատմական հաղթանակ տարած» Ադրբեջանում:

Բայց ադրբեջանական քարոզչությունը միայն դա չէ, որ գաղտնի է պահում: Չեն հրապարակայնացվում նաև Ռուսաստանի տնտեսությունը բնութագրող վիճակագրական տվյալները, որ նույնպես ՀՆԱ-ի անկում և սղաճի աճ են արձանագրում: