Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Պեկին այցը մամուլում լայնորեն չի լուսաբանվում: Դա վկայում է, որ բանակցությունները կողմերի համար մեծ կարևորություն ունեն: ՌԻԱ Նովոստին փոխանցել է Լավրովի մամուլի ասուլիսի կարևոր դրվագները:
Եթե ՌԴ արտգործնախարարի ավանդական դատողությունները և մտավարժանքնները մի կողմ թողնենք, ապա գլխավորը, որ նա բացահայտել է, վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերությունների իրական բնույթին:
ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելուց ի վեր ՌԴ արտգործնախարարը առաջին անգամ պաշտոնական մակարդակի է բարձրացրել փորձագիտական տեսակետը, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև «տարաձայնությունները ցուցադրական են, իրականում Վաշինգտոնը ռազմականացնում է Եվրոպան, նախապատրաստում Ռուսաստանի հետ զինված դիմակայություն»:
Լավրովը նույնիսկ «մի քայլ առաջ է անցել» և ասել, որ «այդ ամենը տանում է ռազմական դաշինքի ձևավորմանը, որտեղ առանձնահատուկ դեր վերապահվում է կիևյան վարչախմբին»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև բացահայտել է, որ Մոսկվան «հավատարիմ է Ալյասկայի պայմանավորվածություններին, բայց եվրոպական առաջնորդները դրանք արգելափակում» են:
Եթե այս երկու գնահատականները համադրենք, ապա կստացվի, որ Մոսկվան հաշվարկներում սխալվել է: Լավրովը փաստացի ընդունել է, որ անցյալ տարվա օգոստոսին Պուտինի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրացումը կախված է եվրոպական առաջնորդներից:
Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները ավելի վստահելի են, քան՝ ռուս-ամերիկյանը:
Ինչ վերաբերում է Եվրոպայում ռազմական դաշինքին և դրանում Ուկրաինայի «առանձնահատուկ դերին», ապա տպավորություն է, թե այդ հեռանկարը Լավրովի համար շատ ավելի պարզ է դարձել չինական կողմի հետ բանակցությունների ընթացքում: Այլապես նա այդ մասին չէր հայտարարի Պեկինի մամուլի ասուլիսին:
Ճիշտ է, Լավրովը նաև ասել է, որ «Ռուսաստան – Չինաստան համագործակցությունը բոլոր հողմերի դեմ անսասան» է,- բայց թե ինչքանով է դա իրականությանը մոտ՝ պարզ կլինի Վլադիմիր Պուտինի Պեկին այցից հետո, որ նախատեսված է ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Իսկ մինչ այդ տեղի կունենա Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ գագաթաժողովը:

Բաց մի թողեք
Կործանիչ օդաչու Ռումեն Ռադևը փորձում է դուրս գալ Բուլղարիայի քաղաքական փակուղուց
Վիկտոր Օրբանը բաց կթողնի իր վերջին ԵՄ գագաթնաժողովը՝ ընտրություններում ջախջախիչ պարտությունից հետո
Ուկրաինան և Իտալիան խոստանում են համատեղ աշխատել պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը խթանելու համար