Ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։
Համերգը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։
Երաժշտական ծրագրի առանցքում Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա Ռոդիոն Շչեդրինի հանրահայտ «Կարմեն սյուիտ»-ն է, ինչպես նաև կհնչեն Սարասատեի, Ֆորեի և Ռավելի ստեղծագործությունները։
Որպես մենակատար հանդես կգա Բելգիայում ստեղծագործող հայ ջութակահար Հրայր Կարապետյանը, իսկ համերգը կղեկավարի Ֆրանսիայից հրավիրված դիրիժոր Ռալֆ Զիգետին։
Ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է մարտի 24-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» համերգով։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում, բացման համերգից զատ, իրականացրել է մի շարք համերգներ, այդ թվում՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Ռոբերտ Ամիրխանյանի համատեղ համերգը՝ նվիրված հայ բանաստեղծ, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակին, Հայաստանի պետական կամերային երգչախմբի «Ազնավուրի հավերժ մեղեդիներ» համերգը՝ նվիրված մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ համատեղ համերգը, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի երկու համերգը՝ Երևանում և Վանաձորում, որտեղ հնչել են ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ։


Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ ներկայացրեց իր 199 հոգանոց նախընտրական ցուցակը
Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը
«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի». Ալիև