23/04/2026

EU – Armenia

Թրամփը Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների «առջև դժոխքի դարպասները փակել» է

Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չի ներկայանա Իսլամաբադում նախատեսված բանակցություններին:

Մինչ այդ ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ հայտնել են, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Պակիստան այցը չեղյալ է հայտարարվել, իսկ հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթկոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները «Մայամիից թռել են Վաշինգտոն»: Axsios-ի տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփը «նրանց շտապ խորհրդակցության է հրավիրել»:

Երկշաբաթյա հրադադարի վերջնաժամկետը լրանալուց չորս ժամ առաջ Միացյալ Նահանգների նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որով ծանուցել է, որ հաշվի առնելով Իրանի կառավարության լուրջ մասնատվածությունը և ընդառաջելով Պակիստանի Զինված ուժերի հրամանատար ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքը, ինքը որոշել է չվերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները: Թրամփը միաժամանակ հայտնել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը մնում է ուժի մեջ:

«Ես երկարաձգում եմ հրադադարը այնքան ժամանակ, քանի դեռ նրանց (Իրանի) առաջարկությունը չի ներկայացվի, և բանակցությունները այսպես, թե այնպես չեն ավարտվի»,- ամփոփել է Միացյալ Նահանգների նախագահը:

Axsios-ը մեջբերել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Իրավանիին, ում ասելով՝ «Իրանը ԱՄՆ-ից ծովային շրջափակումը վերացնելու պատրաստակամության ազդակներ է ստացել, և բանակցությունները կսկսվեն, երբ որ դա տեղի ունենա»:

Իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլի շուրջ տեղեկատվությունը այնքան խճողված և հակասական է, որ դժվար է կողմնորոշվել, թե որքանո՞վ է գոնե իրականությանը մոտ, մանավանդ, իրանցի պաշտոնյաների, դիվանագետների և զինվորականների այս կամ այն հայտարարությունը:

Փաստ է, որ չնայած կոշտ հռետորաբանությանը, Միացյալ Նահանգների նախագահը հրադադարի վերջնաժամկետն սպառվելուց հետո Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հրաման չի արձակել:

Ընդ որում, նա վերջնական տեսակետ ներկայացնելու համար դեդլայն չի սահմանել: Դա խոսում է այն մասին, որ ԱՄՆ նախագահը, ինչպես ասում են՝ «ըմբռնումով է մոտենում» Իրանի ներքաղաքական իրողություններին:

Իսկ դա իր հերթին վկայում է, որ Սպիտակ տունը հաշվարկել է պատերազմի վերսկսման բոլոր, առաջին հերթին՝ Իսլամական հանրապետության փլուզման և տարածքային մասնատման հետ կապված, ռիսկերը:

Կարելի է զգուշավոր լավատեսությամբ ասել, որ ԱՄՆ նախագահը Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների «առջև դժոխքի դարպասները փակել» է: Խնդիր է, թե այդ որոշումն ինչպե՞ս կընկալվի ԻՀՊԿ հրամանատարության և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամ «բազեների» կողմից:

Իրանին առաջարկվող «գործարքն», իհարկե, պատվաբեր չէ, բայց ավելի ծանր կարող է լինել ռազմական կապիտուլյացիան: