Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկեվիչսին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Ըստ այդմ, Ալիևը և Ռինկեվիչսը բանակցություններ են վարել նախ դեմ առ դեմ, ապա պատվիրակությունների կազմով: Պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացրել է, որ նախագահների ներկայությամբ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:
Ադրբեջանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունները ստորագրել են «Փոխըմբռնման մասին» հուշագիր: Համագործակցության փաստաթուղթ են ստորագրել կողմերի ներքին գործերի և գյուղատնտեսության նախարարությունները, սննդի անվտանգության և սահմանապահ ծառայությունները:
Լատվիայի նախագահ Ռինկեվիչսը բանակցությունների ավարտին մամուլի ներկայացուցիչներին ասել է, որ երկու երկրների հարաբերությունները «կրում են ռազմավարական բնույթ» և հույս հայտնել, որ Բաքվում մեկնարկող ադրբեջանա-լատվիական բիզնես-համաժողովը կնպաստի համագործակցության ամրապնդմանը և խորացմանը:
Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը և գնահատել, որ «համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի մոտ ապագայում»: Լատվիայի նախագահը ընդհանրացրել է, որ «դա կարևոր իրադարձություն կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման համար»:
Իր խոսքում Լատվիայի նախագահը հատուկ ընդգծել է Տրանսկասպյան տրանսպորտային և էներգետիկ միջանցքների հարցում Ադրբեջանի դերը» և մասնավորեցրել, որ դա «ռազմավարական նշանակություն ունի ինչպես Լատվիայի, այնպես էլ Եվրամիության համար»:
Եվրամիութան և Ադրբեջանի հարաբերությունները մնում են բարդ: Տպավորություն է, որ Լատվիայի նախագահի Բաքու այցը Բրյուսելի համար «ստուգողական» է: Այն հաջորդում է ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության վերականգնմանը:
Ուշագրավ է, որ նույն օրը Եվրամիության անդամ բոլոր երկրների դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քսաներորդ փաթեթը, ինչպես նաև՝ Ուկրաինային իննսուն միլիարդ եվրո վարկի տրամադրման հարցը:
Հունգարիան և Սլովակիան հանել են առարկությունները: Ըստ Reuters –ի, այդ համաձայնությունը «գրավոր ընթակարգ կանցնի և կհաստատվի Կիպրոսում ապրիլի 23-24-ին կայանալիք՝ ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի կողմից»:

Բաց մի թողեք
ԱՄՆ-ը կհայտարարի պատերազմից դուրս գալու մասին և «սուտ գործը» կթողնի Նաթանյահուի ուսերին
Թրամփը Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների «առջև դժոխքի դարպասները փակել» է
Պուտինը Միշուստինի «թիմը» կհեռացնի ավելի վաղ