23/04/2026

EU – Armenia

Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է. Լուսանկար

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը գրել է.

««Հետք»-ը արբանյակային լուսանկարների միջոցով հաստատել է երեկվանից համացանցի հայկական տիրույթում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց՝ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ոչնչացվել է ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի մայր տաճարը, որի մասին նախապես ահազանգել էր նաև Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը։

Blog Image

Մայր տաճարի վիճակի վերաբերյալ իրականացված ստուգման շրջանակում ուսումնասիրվել են Եվրոպական Sentinel-2 արբանյակից արված պատկերները (լուծաչափը՝ 10 մետր), որոնք փաստում են, որ եկեղեցին 2026 թվականի մարտի 3-ի դրությամբ կանգուն է եղել։ Սակայն ապրիլի 2-ի արբանյակային պատկերում արդեն արձանագրվում է, որ եկեղեցական կառույցը այլևս չի երևում, իսկ տարածքում պահպանվել է միայն սպիտակ սալահատակը։

Այս տվյալների համադրությունը հաստատում է, որ հայկական Ս. Աստվածամոր Հովանի մայր տաճարը այդ ժամանակահատվածում՝ մինչև 2026 թվականի ապրիլի 2-ը, ամբողջությամբ ոչնչացվել կամ ֆիզիկապես վերացվել է։

Սա խիստ մտահոգիչ և դատապարտելի փաստ է, որը վկայում է մշակութային և հոգևոր ժառանգության նկատմամբ բացահայտ արհամարհանքի և դրա նպատակային վերացման մասին։

Միջազգային իրավունքի տեսանկյունից նման գործողությունները դիտարկվում են որպես մշակութային արժեքների պաշտպանվածության կոպիտ խախտում և պահանջում են հստակ գնահատում, պատասխանատվության մեխանիզմների կիրառում և միջազգային հանրության անհապաղ արձագանք»։