26/12/2024

Ադրբեջանի ակնկալիքները Հայաստանից՝ չափն անցնում են, որովհետև զիջողը կա

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը, ասելով, թե Ադրբեջանը ունի Հայաստանի Սահմանադրության փոփոխություն պահանջելու լեգիտիմ իրավունք, քանի որ Սահմանադրությունը իբրեւ թե պարունակում է տարածքային հավակնություն Ադրբեջանի հանդեպ:

Հիշեցնեմ, որ ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարությունների, թե չի կարող կնքվել խաղաղության պայմանագիր, եթե Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, նշել էր, որ դա Հայաստանի ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ է:

Ադրբեջանի ԱԳՆ պատասխան հայտարարությունը խոսում է այն մասին, որ Բաքուն ոչ միայն մտադիր չէ նահանջել իր պահանջններից, այլ դրանք ըստ էության առաջ է մղելու թերեւս ընդհուպ միջազգային ընդգրկումով: Այսինքն, Ադրբեջանը փորձելու է ստանալ Հայաստանի նկատմամբ այդ հարցով միջազգային ճնշում, եթե ոչ բառի ուղիղ իմաստով, ապա առնվազն՝ ակնկալիքի, այլ կերպ ասած՝ փափուկ ճնշման իմաստով: Միջազգային դերակատարները Երեւանից կանկալե՞ն այս հարցում էլ «նշաձողի իջեցում», հանուն հայ-ադրբեջանական խաղաղության:

Ով ունենա Հայաստանից այդպիսի ակնկալիք, գործնականում պատասխանատվություն կկրի Ադրբեջանի շանտաժի քաղաքականության համար: Միջազգային դերակատարները պարբերաբար հայտարարում են, որ պատրաստակամ են աջակցել հավասարակշռված խաղաղությանը: Արդեն իսկ ներկայում որեւէ հիմք չկա խոսել հավասարակշռվածության մասին: Անհավասարակշռվածությունն ու շանտաժը պարզապես աղաղակող բնույթ են կրելու, եթե Հայաստանի առաջ դրվի նաեւ Սահմանադրության փոփոխության ակնկալիք:

Հասկանալի է, որ խոսքն այս դեպքում Սահմանադրության նախաբանի չեզոքացումն է, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին, իսկ այնտեղ էլ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի պատմական որոշմանը: Բայց, ցանկացած ողջախոհ եւ այսպես ասած չեզոք հայացքի համար ակնառու է, որ այդ նախաբանն ու հղումը որեւէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը Սահմանադրորեն արձանագրել է հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջության նկատմամբ:

Դրա պարզ ու առաջին վկայությունն է այն, որ Բաքուն արցախյան հակամարտության խաղաղ գործծընթացի ընթացքում որեւէ անգամ մատնացույց չի արել այդ խնդիրը: Եվ պատճառը պարզ է՝ որովհետեւ այդ գործընթացը եղել է թե հակամարտող կողմերի, թե միջազգային միջնորդների շրջանակում հավասարակշռված, հետեւաբար Ադրբեջանը չի ունեցել կամայական վերջնագրերի հնարավորություն:

Այսօր Բաքվի դիրքորոշումն այլ բան չէ, քան կամայական, քմահաճ վերջնագրերի մեթոդաբանություն, որով Ադրբեջանի նպատակը ոչ թե հավասարակշռված խաղաղությունն է, այլ Հայաստանի քաղաքական «անդամալուծությունը»: Այդ հարցում անգամ լռելյայն աջակցել Բաքվին, նշանակում է միանալ Հայաստանի դեմ նրա մեթոդաբանությանը, ստանձնել դրա հովանավորությունը: