28/05/2026

EU – Armenia

Ռուսաստանը փորձել և փորձելու է թույլ չտալ, որպեսզի Մերձդնեստրը եվրոպական կողմնորոշում ընտրի

Ռուսաստանը պատրաստ կլինի քննարկել Մերձդնեստրից զորքերի դուրսբերման հարցը, եթե խաղաղ կարգավորման առաջընթաց լինի։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

Դիվանագետի գնահատմամբ, նման «հարց առաջադրելու համար հարկ է Մերձդնեստրի կարգավորման տեղում կանգնած գործընթացի առաջմղման հասնել»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է նա՝ հակադարձելով Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կաալասին։

Վերջինս հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման համատեքստում պետք է քննարկվի նաև Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման հարցը։

Մերձդնեստրը Մոլդովայից «անկախություն է հռչակել» 1992թ․-ին և առայսօր մնում է չճանաչված։ Խորհրդային շրջանում այնտեղ են տեղափոխվել Արևելյան Եվրոպայի երկրներում կուտակված սպառազինությունների պաշարները, և տեղաշրջանը փաստացի վերածվել է «պայթյունավտանգ պահեստի»։ Ռուսական սակաթիվ զորախումբը հիմնականում իրականացնում է այդ պահեստների պահպանման գոործաառույթ, թեև Մոսկվան համառորեն այն ներկայացնում է որպես «խաղաղապահ»։

Իրականում Մերձդնեստրը բազմազգ տեղաշրջան է, որտեղ անցած ավելի քան երեսուն տարիներին ռուսախոս և մոլդովացի բնակչության միջև որևէ բախում չի արձանագրվել։ Մոլդովայի կենտրոնական իշխանությունները տեղի բնակչության և անգամ «իշխանությունների» հանդեպ որեւէ թշնամանք չեն տածում։

Մերձդնեստրը Մոլդովայի մաքսային օրենսդրության սահմանած ընթացակարգերով նույնիսկ Եվրամիության անդամ երկրների հետ ապրանքաշրջանառություն է իրականացնում, իսկ մարդիկ ազատ ճամփորդում են։

Մերձդնեստրում ռուսական զորախմբի ներկայության հարցը սրվել է ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ։ Տեղաշրջանը սահմանակից է Ուկրաինայի Օդեսայի մարզին։ Կիևում խոր մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը կարող է Մերձդնեստրի տարածքից հարձակում ձեռնարկել։

Պատահական չէ, որ Կայա Կալասը խնդիրը դիտարկել է ուկրաինական կարգավոորման համատեքստում, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իր հերթին պատճառաբանել է, թե զորքն այնտեղ է, քանի դեռ Մերձդնեստրի խնդիրը կարգավորված չէ։

Իրավիճակի «թեժացման» բուն պատճառը, սակայն, Մերձդնեստրի բնակիչներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին Պուտինի հրամանագիրն է, որ նա ստորագրել է անցյալ շաբաթ։

Զուգահեռաբար ՌԴ նախագահը ստորագրել է օրենք, որ թույլ է տալիս Ռուսաստանի զինված ուժերը կիրառել՝ արտերկրում Ռուսաստանի քաղաքացիներին դատական հետապնդումներից պաշտպանելու համար։ Ակնհայտ է, որ այդ քայլերն ուղղված են Մոլդովայի եվրաինտեգրման դեմ։

Ռուսաստանը փորձել և փորձելու է թույլ չտալ, որպեսզի Մերձդնեստրը եվրոպական կողմնորոշում ընտրի։ Անցյալ տարի Մերձդնեստրը պետք է Ռուսաստանին «վերամիավորվելու» հարցով հանրաքվե անցկացներ, բայց Տիրասպոլի փաստացի իշխանությունները վերջին պահին որոշումը հետաձգել են։

Հնարավոր է, այդ հարցը կրկին օրակարգ բերվի, բայց Մերձդնեստրի բնակչության զգալի մաս են կազմում ուկրաինացիները և բարդ է կանխատեսել, թե տեղաշրջանի կարգավիճակի հարցով հանրաքվեն ինչ արդյունքներ կունենա։

Փաստացի Ռուսաստանը Մոլդովայի միջազգայնորեն ճանաչված տարածքում Մերձդնեստրի «դանդաղ գործողության ականը» կարող է ցանկացած պահի գործի դնել և ռազմական բախման նոր ճակատ բացել։