Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իրեն ուղարկված՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի (արգելում է Ադրբեջանին ուղղակի ամերիկյան պետական օգնություն տրամադրելը – խմբ․) կասեցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հուշագրի համար, որը ուղեկցվել է ամերիկացի առաջնորդի անձնական նամակով։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Թրամփի կողմից ստորագրված և 2025 թվականի օգոստոսի 8-ի թվագրված փաստաթղթում հաստատվում է 907-րդ օրենքի չկիրառման ժամկետի երկարաձգումը Ադրբեջանի մասով։
Հուշագրում նշվում է, որ արտոնության ժամկետի պահպանումը անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ ջանքերին աջակցելու, ԱՄՆ զինված ուժերի և նրանց դաշնակիցների գործառնական պատրաստվածությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ամրապնդելու համար։
Նաև ընդգծվում է, որ տրամադրվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ և չպետք է խոչընդոտի Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման հասնելու ջանքերին։
907-րդ բանաձևը (Section 907 of the Freedom Support Act) ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված օրենսդրական դրույթ է, որը ներառվել է 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության ակտ»-ում (Freedom Support Act): Այս ակտը նպատակ ուներ աջակցել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած պետություններին՝ նպաստելու նրանց ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը: Սակայն 907-րդ բանաձևը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը ուղղակի օգնության տրամադրումը։

Բաց մի թողեք
Հայաստան․ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները
Ի՞նչ է խոստացել Ալիևը՝ հիշեցնելով Փաշինյանի հետ համաձայնության մասին
Հունիսի 2-ից ՀՀ-ն պետք է դադարեցնի դեպի ՌԴ ձկնամթերքի արտահանման հավաստագրումը․ Ռոսսելխոզնադզոր