02/06/2026

EU – Armenia

Թրամփը վերջին պահին կանխել է Իսրայել-Լիբանան մահացու բախումը․ նոր զարգացում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության թուլացման շուրջ պայմանավորվածության մասին։

«Ես շատ արդյունավետ զրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և Բեյրութ ուղևորվող զորքեր չեն լինի, իսկ արդեն ճանապարհին գտնվող զորքերը հետ են քաշվել։

Ես նաև շատ լավ զրույց ունեցա «Հըզբոլլահ»-ի հետ՝ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները կդադարեն. Իսրայելը չի ​​հարձակվի նրանց վրա, և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են, և դրանք արագ զարգանում են», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական մեդիա հարթակում։

Ավելի վաղ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին ԱՄՆ-ին հայտնել է, որ «Հըզբոլլահ»-ը պատրաստ է Իսրայելի հետ լիակատար զինադադարի։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով խոսնակի խորհրդական Ալի Համդանին։

Համդանի խոսքով՝ նա կապ է հաստատել Բեյրութում ԱՄՆ դեսպան Միշել Իսայի հետ և խոսնակ Նաբիհ Բերիի անունից փոխանցել հետևյալը. ««Հեզբոլլահ»-ը լիովին պատրաստ կլինի պահպանել համապարփակ զինադադարը, և մենք պատրաստ ենք երաշխավորել դա»։

Հիշեցնենք, Իսրայելը պլանավորում էր հզոր հարված հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին, սակայն վերջին րոպեին հետաձգեց այն ԱՄՆ միջամտությունից հետո, հաղորդում է Kan News-ը։ Նոր հարձակման մասին ազդարարել էր Իսրայելի վարչապետը։