Բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվամիջոցների լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակությամբ ուղեկցվող բաժանարար առցանց քարոզարշավը լրջորեն սահմանափակել էին ընտրողների՝ անաչառ և վստահելի տեղեկատվության հասանելիությունը, հայտարարել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը:
Գրասենյակը նշել է, որ ընտրությունները լավ կազմակերպված են եղել, սակայն «քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և հակադրական՝ ուղեկցված բազմակի բաժանարար և սադրիչ հռետորաբանությամբ, այդ թվում՝ պատերազմի թեմային առնչվող ուղերձներով»։
«Մյուս կողմից՝ մենք տեղական մակարդակում պետական վարչական ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք արձանագրել», – նշել է ԵԱՀԿ կառույցը։
«Քարոզարշավը եղել է խիստ հակադրական՝ բաժանարար հռետորաբանությամբ և ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչը հանգեցրել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի հարուցման, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ զերծ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցությունից», – նշել է ԵԱՀԿ հատուկ կոորդինատոր Ֆարահ Քարիմին։
Ըստ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի՝ «այս ամենը, ինչպես նաև պետական հատվածի աշխատողների վրա ճնշումները՝ մասնակցել իշխող կուսակցության միջոցառումներին, և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումները, առաջացրել են մտահոգություններ քարոզարշավ իրականացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 827 ձայնով (49.825 տոկոս), «Ուժեղ Հայաստան»-ը՝ 340 հազար 88 ձայնով (23.281 տոկոս), «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայնով (9.934 տոկոս):

Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ
ՔՊ-ին երկու ձայն է պակասում, ԱԺ-ում մեծամասնություն չունեն
Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք