Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) հրատապ հարց է, և այն պետք է արագ լուծվի։
Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Երևանում հայտարարում են, որ դեռևս Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, որովհետև մենք (ՀՀ ղեկավարությունը. խմբ.) դեռ չենք միացել Եվրամիությանը։ Գիտեք` Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենք, ուստի հարցն արդեն իսկ հրատապ է… Սա, իհարկե, պետք է արագ լուծվի»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ կառավարության անդամների խոսքերը, որ Հայաստանի անդամակցությունը պետք է բավականին արագ լուծվի։
«Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ուզում ենք իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է կյանքի կոչել Եվրամիությանը միանալու մասին Հայաստանի ընդունած օրենքը և մնալ Եվրասիական տնտեսական միությունում, քանի որ այն նորմերը, որոնցով գործում են այս երկու միությունները, փոխադարձաբար բացառում են դա»,- ընդգծել է Լավրովը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիության հետ ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ գիծը ԵԱՏՄ երկրների հաշվին:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:

Բաց մի թողեք
Գիշերը հարձակվել են Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի վրա. հերոս քաղաքների անվանումները պոկել են․ Լուսանկար
Երեւանն այժմ ոչ մի ելք չունի. նոր պահանջներ Բաքվից
Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ