11/06/2026

EU – Armenia

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին, ԱՄՆ-ն նավթատար է խոցել

ԱՄՆ-ի կողմից նոր հարվածների ֆոնին Իրանի զինված ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին։

«Հորմուզի նեղուցը լիովին փակ է բոլոր տեսակի նավերի համար, այդ թվում՝ առևտրայինների»,- հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբին՝ Հազրաթ Խաթամ ալ-Անբիային։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ նեղուցը «հայտարարվել է փակ բոլոր նավերի, այդ թվում՝ նավթատարների և առևտրային նավերի համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով»։

Իրանական զինվորականները բացատրել են, որ Հորմուզի նեղուցի փակումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների թշնամական գործողություններով»։

«Ցանկացած անցում կհետապնդվի»,- ընդգծել է շտաբը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը նույնպես հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցում։

«Մենք զգուշացնում ենք, որ ոչ մի նավ չպետք է լքի Պարսից կամ Օմանի ծոցերը։ Հորմուզի նեղուցին մոտենալը կհամարվի թշնամու հետ համագործակցություն»,- ասվում է ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի տարբեր քաղաքներում պայթյուններ են որոտացել, աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է Իրանի դեմ հզոր հարվածների մասին։

Իրանն իր զինված ուժերը բերել է լիակատար մարտական պատրաստության վիճակի և հայտարարել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը անհապաղ արձագանքելու պատրաստակամության մասին։

Թրամփը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ լարվածության կտրուկ սրման ֆոնին:

Ամերիկացի զինվորականները շարքից հանել են Օմանի ծոցում Պալաուի դրոշի ներքո նավարկող Settebello նավթատարը։

«ԱՄՆ ռազմական ինքնաթիռը բարձր ճշգրտությամբ խոցող զինամթերքով հարվածել է նավի մեքենայական հատվածին այն բանից հետո, երբ անձնակազմը բազմիցս խախտել է ամերիկացի զինվորականների ցուցումները»,- նշված է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաղորդագրությունում։

CENTCOM-ի տեղեկացմամբ՝ իրանական նավահանգիստների ծովային շրջափակման մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները շարքից հանել է 8, իսկ ընթացքի երթուղուց շեղել է 134 նավ։

Bloomberg-ը հունիսի 10-ին տեղեկացրել էր, որ Օմանի ծոցում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Իրանին առնչվող Settebello նավի վրա։