Հունիսի 12-ին և 14-ին Ղազախստանում սպասվում է համապատասխանաբար «Ամանաթ» և «Ադիլեթ» կուսակցությունների համագումար։ Առաջին դեպքում խոսքը նախկին նախագահ Նազարբաևի հիմնադրած քաղաքական ուժի մասին է։
Երկրորդ կուսակցությունը հիմնադրվել է մի քանի ամիս առաջ։ Այն գլխավորում է գործող նախագահ Տոկաևի աշխատակազմի նախկին ղեկավար Այբեկ Դադիբեյը։ Ղազախստանը նոր սահմանադրություն է ընդունել։ Ըստ այդմ, երկպալատ խորհրդարանը կլուծարվի։ Օգոստոսին նշանակված են խորհրդարանական ընտրություններ։
Tengrinewsi-ի ներկայացմամբ, նախագահ Տոկաևի հռչակած «Արդար Ղազախստան» քաղաքական ուղեգիծը «պահանջում է վերնախավային վերադասավորումներ»։ Այդ զգուշավոր ձևակերպումը, ըստ երեւույթին, պետք է հասկանալ այն իմաստով, որ նախկին նախագահ Նազարբաևի գրեթե երեսունամյա իշխանության տարիներին ձևավորված «թիմը» պետք է վերափոխվի։
Նոր սահմանադրությունը Ղազախստանի նախագահին վերապահում է բացառապես երկու ժամկետով պաշտոնավարելու իրավունք։ Տոկաևը հայտարարել է, որ դա «վերջնական և ուղենիշային ամրագրում» է։ Այդ խոստումը պահպանելու համար, որքանով հասկացվում է, նա քաղաքական համակարգի բարեփոխում է անցկացնում։ Ըստ էության, խոսքը նախկին նախագահի հիմնադրած կուսակցությունը լուծարելու մասին է, բայց դա արվում է «կամավոր միավորման» անվան տակ։
Քաղաքագետ Բաքիրովը «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է, որ երկու կուսակցությունների միավորումը «կարող է բերել քաղաքական սիներգիայի, եթե դա տեղի ունենա սկզբունքային համաձայնությունների հիմքով»։ Նա միաժամանակ մտավախություն ունի, որ «ամեն ինչ կարող է վերածվել ձևական անվանափոխության»։
Քաղաքագետը դիտարկել է, որ ապագա խորհրդարանի ղեկավարության, կառավարության անդամների և մարզային գործադիր իշխանության ղեկավարների նշանակման համար նախագահ Տոկաևը «կադրային մեծ հնարավորություններ չունի»։
Քաղաքական ի՞նչ համակարգ կձևավորվի Ղազախստանում, դժվար է կանխատեսել։ Կենտրոնական Ասիայում և հատկապես Ղազախստանում ձևավորվել է քաղաքական նոր սերունդ, որի համար գերակա են ազգային, անգամ «թուրանական» միասնությունը և քաղաքակրթական արժեհամակարգը։
Տոկաևը մայիսի 15-ին Ղազախստանը հռչակել է Ոսկե հորդայի իրավահաջորդ և «թուրքական նախահայրենիք»։ Պատմա-քաղաքակրթական այդ նարատիվը վկայում է, որ Ղազախստանում ընտրությունը այլևս ոչ թե էթնիկ պատկանելիության և ռուսական ծայրագավառի բնակչի, այլ համաթուրքականության և քաղաքացիական ինքնության միջև է։
Ամեն դեպքում ակնհայտ է, որ Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը և անցնում է քաղաքական ամրագրումների։

Բաց մի թողեք
Բարդ է ասել, թե Հայաստանին ի՞նչ կտա այդ ընթացակարգի կիրառումը ՌԴ-ի կողմից
Կրեմլը չէր ձգտում ՀՀ-ում ձևավորել այն արդյունքը, որը կցանկանար ընտրություններում․ Ստանկևիչ
Կոպիրկինը վերադարձավ Հայաստան․ ի՞նչ է անելու