«Օլիմպավանը չեն բացում, բայց երեխաները պետք է մարզվեն, առաջիկայում մրցաշարեր կան»,- Օլիմպավանի բակում լրագրողներին ասել է MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը, որը դրսում երեխաների հետ պարապմունքներ է անցկացնում:
«107 հոգի են, որից 20-ն է կարողանում գալ, օրինակ, Լենինգրադյանի դահլիճը, մնացածը չեն կարողանում: Ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցում, ոչ մի բա՞ն։ Տատամիներ ենք ճարել, որ երեխաները պարապեն»,- շարունակեց նա։ Էրիկ Օհանյանը նշեց, որ լավ սաներ ունեն, լավ արդյունքներ են տալիս, բայց հիմա այս դադարը, միանշանակ, ազդում է երեխաների մարզավիճակի վրա։ Դրսում պարապող երեխաներից մեկի ծնողն էլ ասաց. «Երեխաներին հանել-գցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն, հարմարություն չկա, բայց պետք է պատրաստվեն մրցումների։ Ի՞նչ է անում այս պետությունը։ Ցույց է տալիս, որ ժողովրդի շահերն է պաշտպանում, բայց այդպես չէ։ Մարդկանց հետ անձնական հարցեր ունեն, Օլիմպավանն են փակում։ Մեկ-երկու օր արել եք ձեր գործերը, դուրս եք եկել, ի՞նչ ձեւականություն է՝ փակել եք Օլիմպավանը։ Ինչ որ պետք է գտնեիք, կա՛մ գտել եք, կա՛մ չեք գտել։ Այն տպավորությունն է, որ մեր վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն այլ երկրներում։ Այս երեխաները պետք է գնան այլ երկրներ՝ հայկական դրոշը բարձրացնեն, բայց երեխաները փողոցում են պարապում։ Վստահ եմ, որ գալու են՝ այստեղից էլ հանեն»։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ կապարակնքված են ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր ընկերությունները, գործարանները, աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված։ «Արարատցեմենտ» գործարանը եւ «Մուլտի Վելնես» առողջարարական համալիրի տարածքը պետությունն արդեն խլել է, դադարեցվել է «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան՝ իշխանությունը չբավարարվեց Գագիկ Ծառուկյանին խորհրդարան չթողնելով, այլ տոտալ հարձակում է իրականացնում նրա անձի ու սեփականության նկատմամբ։
Կապարակնքված է նաեւ ՀԱՕԿ-ի մարզաբազա հանդիսացող Օլիմպավան կենտրոնի շենքը։ Օլիմպավանի տնօրեն Իշխան Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց՝ ասելով, որ անցել է 7-օրյա ժամկետը, սակայն իրավապահներն այդպես էլ որեւէ քայլ չեն կատարել՝ համալիրում աշխատանքը վերականգնելու ուղղությամբ. «Ոչ մի տեղաշարժ չկա, երեկ էլի խոսեցինք, որեւէ փոփոխություն չկա: Երեխաները ստիպված դրսերում` ասֆալտների վրա են պարապում, մի մասը` մեզ մոտ, բակերում, մի մասը` Բիձեքի գյոլում։ Այնտեղ էլ այնքան շատ են մարդիկ, որ տեղ չկա, երեք-չորս խումբն այնտեղ է մարզվում, մնացածը` մեզ մոտ՝ բակերում: Այս պահին մեր բոլոր խմբերը դրսում են մարզվում: 400 երեխայից ավելին ասֆալտի վրա է ստիպված մարզումներ իրականացնում: Խառը վիճակ է: Հավաքականի պարապմունքները փորձում ենք չտապալել, սակայն չգիտեմ, թե մինչեւ երբ այսպես կարող ենք շարունակել»: Իշխան Սեդրակյանն ասում է, որ սպորտի մարդիկ չեն սիրում քաղաքական պրոցեսներին միջամտել, այդ պատճառով Օլիմպավանում շատերը չեն ցանկանում ակցիաներ կազմակերպել, խոսել. «Բարդացել է, մարդիկ մի քիչ ուրիշ կերպ են հարցերին նայում, չեն ուզում խոսել, ի վերջո` սա սպորտային կառույց է, մենք երբեք չենք ցանկացել սպորտը խառնել քաղաքականության հետ: Մենք ընդամենը ուզում ենք մեր աշխատանքը շարունակել»:

Բաց մի թողեք
Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ
Տառասխալով ցուցանակներ՝ ճանապարհին. Լուսանկար
Մարզպետի աշխատակազմն ի՞նչ հատուկ առաջադրանքներ է կատարել