Օգոստոսի 7-ին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում, մասնակցելով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, ՀՀ վարչապետը մեկ անգամ ևս առիթը բաց չթողեց հոխորտալու մասնավորապես Ռուսաստանի վրա՝ հայկական արտադրանքների՝ Ռուսաստանի Դաշնություն ներմուծման նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառելու համար և մեծամտանալու, թե նման սահմանափակումներով իրենք իրենց են վատություն անում։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացնելով նախորդ տարի ԵԱՏՄ կառույցին Հայաստանի կատարած ներդրումները՝ հայտարարել է, թե ողջ տարվա համար Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել մոտ 319 միլիոն ԱՄՆ դոլար, այնինչ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է ընդամենը 175 միլիոն ԱՄՆ դոլար։ «Այսպիսով, Հայաստանը Միության ընդհանուր բյուջե է փոխանցել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման և ԵԱՏՄ շրջանակում պարտավորությունների բարեխիղճ կատարման անմիջական հաստատումն է»։
Փաշինյանի ներկայացմամբ՝ 2025 թվականի արդյունքներով՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կազմել է շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը Միության շուկա կազմել է մոտ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար։
Այդպիսով Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե Հայաստանը ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մասնակից է, այլև Միության անդամ պետություններում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների կարևոր սպառող՝ թերևս փորձելով հասկացնել, որ առանց Հայաստանի ներկայության՝ ԵԱՏՄ-ն զգալի ֆինանսական վնասներ կկրի ու արդյունավետ շուկա կկորցնի։ Այն Հայաստանը, որի բնակչությունը կազմում է ընդամենը 3 միլիոն և անգամ տեղական արտադրության համար անարդյունավետ շուկա է համարվում՝ ցածր սպառողունակության և գնողունակության առումով։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը MediaHub-ի հետ զրույցում Փաշինյանի նման պնդումներն ամբարտավանություն համարեց, որից Հայաստանի ողջ ժողովուրդն է տուժում՝ հատկապես գյուղացիներն ու տնտեսվարողները, որոնք այս տարի լիովին զրկվեցին իրենց սպառման հիմնական շուկաներից։
Թաթուլ Մանասերյանը Փաշինյանի պնդումները առաջին-երկրորդ դասարաններում ստացած թվաբանական գիտելիքների մակարդակի է համարում՝ ասելով, որ մասնագետ խորհրդականներ ունենալու դեպքում այդպիսի հայտարարություններ չէր անի։ Տնտեսագետը հիշեցնում է, որ հայ ֆերմերները, գյուղացիները ԵԱՏՄ շուկա 700 միլիոն դոլարի արտահանում են կատարել և փաստացի այս տարի սահմանափակումների պատճառով այդ ողջ ապրանքը հնարավոր չի եղել սպառել։ Այդ մասին պետք է խոսեր Փաշինյանը նիստի ժամանակ՝ փորձելով ամեն ինչ անել, որպեսզի լուծվի խնդիրը և Հայաստանը այդ սահմանափակումների պատճառով լուրջ տնտեսական վնասներ չկրի։
Թաթուլ Մանասերյանը կառավարության գործունեությունը խիստ անարդյունավետ է համարում, ինչի պատճառով էլ խնդիրները ոչ թե լուծվում են, այլ կուտակվում ու անելանելի վիճակի մեջ դնում պետությունն ու ժողովրդին։
«ԵԱՏՄ պետությունները հստակ հասկացրեցին Հայաստանի ղեկավարին, որ եթե իրենց անպարկեշտ պահեն, պատերազմի պայմաններում երկակի խաղեր խաղան Ռուսաստանի ու նրա հակառակորդի հետ, ամեն տեղ հավատարմության երդումներ տան, ոչինչ էլ չեն ստանա։ Հայաստանը դրանից դասեր քաղելու փոխարեն նորից ամբարտավանում է։ Երկրի ղեկավարը պետք է մասնագիտությանը տիրապետող խորհրդականներ ունենա, որպեսզի ծիծաղելի ու ողբալի իրավիճակներում չհայտնվի։ Ողբալի է, որ երկիրը նման մարդիկ են ներկայացնում։ Այդ մակարդակով երկիր չի կարելի կառավարել կամ մասնագիտական ոլորտներում այնպիսի նշանակումներ անել, որ պաշտոնյաների ամեն մի խոսքը դառնա ծաղրուծանակի առարկա։ Ամեն ինչ ոչ թե խոսքով, այլ գործով է չափվում։ Արդյունավետ կառավարման հետևանքո՞վ է, որ գյուղացիները ճանապարհներ են փակում, կառավարության մոտ բողոքի ակցիաներ են անում։ Ակնհայտ է չէ՞, որ այդ ոլորտը ևս ձախողել են»,- հետևություն է անում տնտեսագետը։
Նրա համոզմամբ՝ այս իշխանություններն իրենց ապիկար կառավարմամբ այնքան են արտահանման ոլորտը վատթարացրել, որ այն մեկ-երկու օրում հնարավոր չի լինելու վերականգնել՝ անգամ նոր իշխանությունների միջոցով։
«Եթե որևէ մեկին թվում է, թե իշխանությունը փոխվելու դեպքում, երբ նոր ղեկավար կունանք, նա կկարողանա անմիջապես կարգավորել այդ խնդիրները, ապա չարաչար սխալվում է։ Շուկան մեկ օրում չի ձևավորվում, իսկ հայկական գործոնը ԵԱՏՄ երկրներում փոխարինվել է թուրքական, ադրբեջանականով, հայկական արտադրանքի տեղը նրանց արտադրանք է զբաղեցրել, ինչը դուրս բերելն այդքան հեշտ չի լինի։ Մենք այդ շուկան ձևավորել էինք տասը տարվա ընթացքում աստիճանաբար՝ տքնաջան ու հետևողական աշխատանքի արդյունքում։ Հայաստանը տասնմեկ տարի է՝ անդամակցում է ԵԱՏՄ-ին և տասը տարվա ընթացքում ՀՀ-ն տասնհինգ անգամ ավելացրել է իր առևտրաշրջանառությունը և հատկապես արտահանման ծավալները դեպի այդ կառույցի անդամ երկրներ՝ հատկապես Ռուսաստան։ Ամեն տարի երկնիշ թվով մեր արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ և հատկապես Ռուսաստան աճել է։
Նման օրինակ աշխարհի որևէ երկրում չեք տեսնի։ Հայաստանի նման փոքր երկիրը դրանից շատ է օգտվում և ավելի շատ է օգտվում, քան ԵԱՏՄ որևէ այլ երկիր։ Ահա թե ինչի մասին պետք է խոսեր Փաշինյանը Ղրղզստանում, ոչ թե մուննաթի լեզվով»,- ասում է մեր զրուցակիցը։
Եվ հիմա այդ շուկան, մեր այդքան ձեռքբերումները կորցնելու գնով Հայաստանը տուրք է տալիս Եվրամիության չինովնիկների սուտ խոստումներին և արդյունքում մնում առանց ոչինչի։ Տնտեսագետը հիշեցնում է Եվրամիությունից Հայաստանին խոստացած 50 միլիոն եվրոն, որը պետք է վճարվեր Հայաստանին ՝ ԵԱՏՄ սահմանափակումներին դիմակայելու և Եվրամիության երկրներում շուկաներ ձեռք բերելու նպատակով։ Սակայն այդ ամենը մնաց խոստումների մակարդակում։
«Եվրամիությունը մեզ իբրև որբի է վերաբերվում, այլ ոչ թե որպես ինքնիշխան պետության։ Իրենք անգամ իրենց խոստումները չեն հարգում, այդպիսի մարդկանց հետ ինչպե՞ս կարելի է ճանապարհ գնալ»,- եզրափակում է Թաթուլ Մանասերյանը։

Բաց մի թողեք
Այս լիազորություններով Արամը ստանում է ազդեցիկ լծակներ
4 հարց TRIPP-ի մասին
Մեր յուրաքանչյուր քայլի նպատակը Սամվել Կարապետյանին վարչապետ տեսնելն է