Իրանում բողոքի ցույցերը չեն մարում: Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ ցուցարարներին «միացել է ուսանողությունը»: Թեհրանում հրկիզել են երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի լուսանկարները, շարունակաբար հնչում է «մահ բռնապետին» կոչը:
Բրիտանական The Times-ը, հղում անելով իսրայելական հետախուզության անանուն աղբյուրներին, գրել է, որ Խամենեին «պատրաստվում է լքել երկիրը, եթե բանակը և անվտանգության ուժերը դասալքեն և անցնեն ցուցարարների կողմը»:
Պարբերականի աղբյուրներն ասել են, որ չնայած Խամենեին արտասահմանում, անգամ ԱՄՆ-ում «մշտապես բնակվող բարեկամներ ունի, բայց նա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Ռուսաստան, որովհետև այլ երկրում նա տեղ չունի»:
Այս տեղեկությունը տարածվել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյի առևանգումից հետո և, հավանաբար, Իրանի հոգևոր առաջնորդին քարոզչական ազդակ է: Իսրայելական ynet-ը հիշեցրել է ամերիկյան հատուկ նշանակության զորախմբի Իրան ներխուժումը և ամերիկյան պատանդներին ազատ արձակելու փորձը, որ ձախողվել է «ավազամրրիկի պատճառով»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի իշխանություններին զգուշացրել է, որ ցուցարարների նկատմամբ զենք կիրառելու դեպքում ինքը օգնության կհասնի նրանց:
Իրանի ներքաղաքական իրավիճակը գնահատելիս իսրայելական vesty-ին ուշադրություն է հրավիրել հոգևոր առաջնորդի այն մտքին, որ «բողոքավորներին պետք է լսել, բայց խռովարարները պետք է հնազանդեցվեն»:
Իսրայելցի մեկնաբանը գտնում է, որ Խամենեին այդպիսով «կշտամբել է նախագահ Փեզեշքիանին, որ կառավարությանը հորդորել է ուշադիր լսել բողոքները և լուծումներ գտնել»: Իրանում հնարավոր զարգացումներին անդրադարձել է նաև Բաքվի իշխանական haqqin.az-ը:
Ավելի վաղ նկատել ենք, որ բողոքի ցույցերը շրջանցում են իրանական Ադրբեջանի քաղաքները: Բաքվի լրատվամիջոցը բացահայտել է, որ տեղաշրջանի էթնիկ ադրբեջանցի բնակչությունն «այդ կերպ աջակցություն է հայտնում նախագահ Փեզեշքիանին, բայց եթե զարգացումները տանեն նրան, որ թագաժառանգ Ռզա Փահլևիի վերադարձը քաղաքական առաջնահերթություն դիտվի, ապա ադրբեջանցիները դա թույլ չեն տա»:
Որոշ մեկնաբանություններում այն տեսակետն է իշխում, որ Իրանը «պետք է վերադառնա պետական այն կառուցվածքին, որ դարերով ունեցել է, երբ բանակը գլխավորել են էթնիկ թուրքերը, իսկ բյուրոկրատիան եւ մշակույթը եղել է պարսկական»:
Անցյալ տարեվերջին ուղերձում Իլհամ Ալիևը կրկին հիշեցրել է, որ «ամբողջ աշխարհի ադրբեջանցիներն իրենց թիկունքին ունեն ուժեղ ադրբեջանական պետության աջակցությունը»: Իրանում հնարավոր զարգացումների ոչ մի սցենար, այսպիսով, բացառելի չէ:






Բաց մի թողեք
Ի՞նչ սպասել ԵՄ – Հորդանան առաջին գագաթնաժողովից. Ֆոն դեր Լեյենը Ամմանում կհանդիպի Հորդանանի թագավորին
Պետության ու պետական բյուջեի հաշվին համատարած կաշառում են ընտրողներին
Մադուրոն ԱՄՆ դատարանում առաջին անգամ ներկայացել է թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով և չի ընդունել իր մեղքը