ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Գազայում խաղաղության հաստատման և վերականգման ամերիկյան բանաձևի օգտին: ԱԽ անդամ երկրներից տասներեքը «կողմ» են քվեարկել, Ռուսաստանը և Չինաստանը՝ ձեռնպահ:
Այսպիսով, հաստատվել է փորձագիտական մակարդակով տարածված տեղեկությունը, որ Ռուսաստանը, լուրջ առարկություններ ներկայացնելով հանդերձ Դոնալդ Թրամփի ծրագրին, «վետո» չի կիրառի, ինչպես նաև՝ Չինաստանը:
Ընդունված փաստաթղթի առանցքային նշանակության դրույթները երեքն են: Այն սահմանում է, որ Գազայում վերջնական և կայուն խաղաղություն հաստատելուց, բարեփոխումներ իրականացնելուց հետո տեղաշրջանում կհաստատվի պաղեստինյան կառավարում, և պաղեստիները կկարողանան իրացնել ինքնորոշման իրավունքը, հռչակել Պաղեստինի անկախ պետություն:
Իսրայելում համարում են, որ Անվտանգության խորհրդի բանաձեւի այդ ձևակերպումը վարչապետ Նաթանյահուի «խոշոր պարտությունն է», քանի որ այն փակում է նաև «Հուդեայի և Սամարիայի վերահսկողության հարցը»:
Ընդունված բանաձևի երկրորդ կարեւոր կետը վերաբերում է Գազայում «Միջազգային կայունացնող ուժերին»: Այդ հարցում որեւէ կոնկրետություն, սակայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի սահմանել: Թեև ՄԿՈՒ մանդատը գոնե ընդհանուր ձևակերպումներով սահմանվում է, բաց է մնում թվակազմի և ներկայացուցչականության հարցը:
ԱԽ-ն միայն սահմանում է, որ այդ ուժերը «կկազմավորվեն Եգիպտոսի և Իսրայելի հետ խորհրդատվությունների արդյունքում»: Սա, ըստ էության նշանակում է, որ Թուրքիան Գազայում ռազմական ներկայություն չի ունենա: Եթե, իհարկե, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն իր իսկ սահմանած «կարմիր գիծը» Միացյալ Նահանգների ազդեցության տակ չհատի:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի երրորդ կարևոր կետը վերաբերում է Գազայի, այսպես ասած՝ «անցումային շրջանի» կառավարմանը: ԱՄՆ-ը առաջարկում է ստեղծել կառավարման «Խաղաղության խորհուրդ» անվանված մարմին, որի ֆորմալ նախագահությունը կիրականացնի Դոնալդ Թրամփը:
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչն այդ դրույթն անվանել է «գաղութատիրության վերապրուկ» և համեմատել Պաղեստինի բրիտանական մանդատային կառավարման հետ: Այս կետի առավել հետաքրքիր ձևակերպումն այն է, որ Գազայում ներքին անվտանգության պահպանմանը ներգրավվում է նաև «պաղեստինյան միլիցիան»:
Գազայի լիակատար ապառազմանակացումը կապվում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման և իսրայելական բանակի համարժեք դուրսբերման հետ:
Կարելի է ասել, որ քաղաքական առումով Դոնալդ Թրամփին հաջողվել է պահպանել միջազգային խաղարարի ռենոմեն: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը քվեարկությունից առաջ չափազանց խորքային դիտարկում է արել, որ եթե Գազայի կարգավորման ամերիկյան ծրագրին կողմ է տուժած տարածաշրջանը՝ ի դեմս Իսրայելի և պաղեստինցիների, այն արժանացել է արաբական և իսլամական պետությունների հավանությանը, ապա «պապից ավելի կաթոլիկ կլինի նա, ով դեմ կարտահայտվի»:
Հրապարակային ռեժիմում Ռուսաստանը և Չինաստանը, ճիշտ է, ամերիկյան բանաձևը քննադատել են, բայց որոշման կայացումը չեն վիժեցրել: Առկա իրավիճակում ԱՄՆ նախագահի հետ ցուցադրական առճակատումը չի բխում ոչ Պուտինի, ոչ Սի Ծինփինի շահերից:
Բայց ոչ մի երաշխիք չկա, որ Մոսկվան և Պեկինը միասնաբար կամ առանձին-առանձին, կամ նրանցից մեկը ռեալ քաղաքական ռեժիմում սեփական շահերին սպառնացող ամենաչնչին իսկ վտանգի դեպքում չեն փորձի «պայթեցնել» Մերձավոր Արևելքը:






Բաց մի թողեք
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար
Չարլզ III թագավորը` «խորացող բաժանումից» հետո, կոչ է անում հաշտեցման և միասնության. Լուսանկարներ
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ