Բրիտանական The Times-ը ռուս-ամերիկա-ուկրաինական քննարկումների առաջին փուլի մասին սենսացիոն տեղեկություն է տարածել: Ըստ պարբերականի, Աբու-Դաբիում Ռուսաստանը «համաձայնել է տարածքային փոխանակման ամերիկյան առաջարկությանը»:
Հղումն, ընդսմին, արվել է ռուսաստանցի «իրազեկ դիվանագետին»: Վերջինս ասել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը «նախապես հույս է ունեցել տարածքների հարցում հասնել առաջընթացի, բայց ի վերջո համաձայնել է ամերիկյան առաջարկությանը»: Այդ մասին գրել է ռուսաստանյան «Կոմերսանտը»:
Ի՞նչ առաջարկության մասին է խոսքը, մանրամասնություններ հայտնի չեն: Ավելի վաղ ռուսաստանյան մամուլն «անընդունելի» է գնահատել Դոնբասում «ազատ տնտեսական գոտու ստեղծումը»:
Որքանով հասկացվում է, ամերիկյան կողմն առաջարկում է Դոնեցկի մարզից «դուրս բերել ուկրաինական զորքերը՝ պայմանով, որ ռուսաստանյան ուժերն այնտեղ չեն մտնի»: ԱՄՆ-ը նաև առաջարկել է զորքերի առկա շփման գիծը ճանաչել որպես «հրադադարի սահման»:
Bloomberg-ի տեղեկացվածությամբ՝ «պատվիրակությունները տուն են վերադարձել, որպեսզի մշակեն «հրադադար», «հրադադարի ռեժիմ», «հրադադարի ռեժիմի մոնիտորնգ», «բաժանարար գիծ» և «հրադադարի ռեժիմի խախտում» հասկացությունների իրենց մեկնաբանությունը նախապատրաստեն»:
Նույն օրը ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում «նյարդայնացնող հանգամանքների հաղթահարման գործընթացում ներկայումս տեղապտույտ է»:
Ռուսաստանը և Միացյալ Նահանգներն, ինչպես հայտնի է, բանակցությունների երկու՝ ուկրաինական կարգավորման և երկկողմ հարաբերությունների վերականգման, ուղղություն ունեն, որ, անշուշտ, փոխկապակցված են:
Ռյաբկովն իր հերթին է սենսացիոն բացահայտում արել: Պարզվում է, Միացյալ Նահանգները դեռևս Մոսկվայում իր նոր դեսպանի թեկնածություն չի առաջադրել և Ռուսաստանից ագրեման չի խնդրել:
ՌԴ փոխարտգործնախարարն ավելացրել է, որ այդ հարցով «անգամ զոնդաժային քննարկումներ չեն անցկացվել»: Երկկողմ հարաբերությունների, մասնավորապես՝ դեսպանատների և հյուպատոսությունների գործունեությունը նախկին մակարդակով և ծավալով վերականգնելու հետ կապված հարցեր կողմերը քննարկել են «անցած աշնանը, երկրորդ փուլը նախատեսված է գարնանը, բայց հստակ ժամկետներ ճշտված չեն»:
Հարկ է հիշեցնել, որ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից կարճ ժամանակ հետո ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրով Ալեքսանդր Դարչիևը նշանակվել է ԱՄՆ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան, իսկ Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը թափուր է մնում արդեն մոտ մեկ տարի:
Դատելով ՌԴ փոխարտգործնախարարի խոսքի ենթատեքստից, Դոնալդ Թրամփը Մոսկվայում դեսպան նշանակելու հարցում, մեղմ ասած, չի շտապում: Այսինքն, ԱՄՆ – Ռուսաստան դիվանագիտական լիարժեք հարաբերությունների վերականգնումը լավագույն դեպքում կարող է ամիսներ տեւել:
Այս համատեքստում ուկրաինական կարգավորման «տարածքային բաղադրիչի» մասին բրիտանական պարբերականի տեղեկությունը թողնում է քարոզչական հնարքի տպավորություն: Մանավանդ որ ուկրաինացի դիվանագետը РБК- Украина-ին հստակ ասել է, որ տարածքային հարցերում «առաջընթաց չկա»:






Բաց մի թողեք
Ռուսական զինվորական ստորաբաժանումները դուրս են գալիս Սիրիայից
«Ճամբարի» ձևավորման դեպքում ո՞րն է լինելու Ադրբեջանի դիրքորոշումը
Ի՞նչ մակարդակի և ձևաչափի հանդիպումներ են Իսրայելի և Ադրբեջանի միջև, ի՞նչ սպասել ․․․