Ադրբեջան այցից երեք օր հետո Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին ընդունել է Հայաստանում Իսլամական հանրապետության նորանշանակ դեսպան Շիրղոլամիին՝ նախքան նրա Երևան մեկնելը:
Այդ մասին հայտնել է Irna պաշտոնական գործակալությունը: Ըստ հաղորդագրության, Արաղչին Շիրղոլամիին ուղղորդել է Հայաստանի հետ «տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությանը» և հայ-իրանական հարաբերությունները որակել «քաղաքակրթական եւ պատմական»:
Իրանի արտաքին գործերի նախարարի Բաքու այցը, երևում է, «ստուգողական էր», և Արաղչին Ադրբեջանից հեռացել է՝ մնալով թերահավատ: Նույնիսկ ադրբեջանցի փորձագետներն են խոստովանում, որ պաշտոնական Բաքուն Իսրայելից վերջերս ձեռք բերած հրթիռային համակարգերը մտադիր է հիմնականում կիրառել ռազմա-ծովային ուժերի կարողությունները մեծացնելու նպատակով, որպեսզի «երկու ուժեղ հարեւանների՝ Իրանի և Ռուսաստանի, հետ մրցակցությունից Կասպից ավազանում իր ռազմավարական շահերը չտուժեն»:
Թեհրանը Բաքվից միայն բանավոր խոստում է ստացել, որ Ադրբեջանը տարածքը «երբեք Իրանի դեմ չի օգտագործվի»: Իսլամական հանրապետությունը շարունակում է մնալ բարձր ռիսկայնության ռեժիմում:
Փորձագետները բարձր են գնահատում Իսրայելի կողմից հարձակման հավանականությունը: Երուսաղեմում որպես «հիմնավորում» վկայակոչում են Իրանի հրթիռային պաշարների վերականգնումը, ինչպես նաև ուրանի պաշարների առկայությունը, ինչը թույլ է տալիս շարունակել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը:
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնում է Ղազախստան: Irna-ն հայտնել է, որ այցը ծրագրված է տնտեսական, տրանսպորտային և մշակութային համագործակցության ընդլայնման հեռանկարով:
Ընդգծվել է, որ Փեզեշքիանը Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ բանակցություններ կվարի մի փուլում, երբ «աշխարհաքաղաքական փոփոխությունները, տրանսպորտային երթուղիների վերակողմնորոշումը և տարածաշրջանի էներգետիկ շուկայում փոխակերպումներն ավելի ու ավելի են բացահայտում բազմակողմ համագործակցության և տնտեսական նոր միջանցքների ստեղծման կարևորությունը»:
Բոլորովին վերջերս Չինաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Թուրքիան տրանսպորտային հաղորդակցության համաձայնագիր են ստորագրել, որ նախատեսում է Չինաստանից բեռնափոխադրումներ իրականացնել մինչև Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ Եվրոպա:
Իրանի համար Ղազախստանի տրանզիտային հնարավորությունները կարևոր են նաև Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության համար: Երևում է, Ադրբեջանը Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության հարցում շարունակում է «պաուզա պահել», ուստի Թեհրանը մտադիր է այդ հարցում լրացուցիչ ռեսուրսներ որոնել Աստանայում:
Այդ հարցը կարող է առնչվել նաև Հայաստանին: Որքանով հասկացվում է, Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին համոզել, որ Իրանի հետ երկաթուղային կապ հաստատի «Թրամփի երթուղով»: Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին, երևի, հանձնարարվում է այդ առումով Երևանում «հող շոշափել»:
Խնդիրը նուրբ է, քանի որ Մոսկվայի և Թեհրանի համար հազիվ թե «հարմար լինի» ռազմավարական նշանակության բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի հարավով, մանավանդ որ Մեղրիի «անցման» շահագործմանը մասնակից կարող է լինել նաև ամերիկյան կողմը: Իրան-Հայաստան երկխոսության վերբեռնումն անհրաժեշտություն է:






Բաց մի թողեք
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար
Չարլզ III թագավորը` «խորացող բաժանումից» հետո, կոչ է անում հաշտեցման և միասնության. Լուսանկարներ
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ