Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների հիմքում աշխարհաքաղաքականությունն է, ոչ թե՝ ԽՍՀՄ գաղափարախոսությունը, ինչպես թվում էր նախկինում:
Այդ մասին հուլիսի 13-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ում գնահատմամբ՝ այդ հակասությունները հենված են Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական հաղթանակ տանելու Արևմուտքի ցանկության վրա:
Վլադիմիր Պուտինը նույնիսկ թույլ է տվել ձևակերպում, որ Արևմուտքը չի ճանաչում Ռուսաստանի անկախությունը և լիիրավ ինքնիշխանությունը և ամփոփել, որ Մոսկվան փաստացի միայնակ դիմակայում է հավաքական Արևմուտքի բոլոր երկրներին:
Մալայզիայում ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ուկրաինական կարգավորման «նոր գաղափարներ է հնչեցրել», որոնց մասին Մարկ Ռուբիոն անհապաղ զեկուցել է նախագահ Թրամփին:
Վերջինս անոնսավորել է, որ հուլիսի 14-ին հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Մինչ այդ ԱՄՆ նախագահն ասել է, որ հուլիսի 3-ի հեռախոսազրույցի արդյունքում առաջընթացի չի հասել և Պուտինից «հիասթափված է»:
Դոնալդ Թրամփի անոնսավորած հայտարարության նախօրեին կրեմլյան հեռուստալրագրող Զարուբինին նախագահ Պուտինի հարցազրույցի չափազանց կոշտ ձևակերպումները, մանավանդ վերջին ընդգծումը, որ Ռուսաստանը միայնակ դիմակայում է հավաքական Արևմուտքի բոլոր երկրներին, վկայում են, որ նա Ուկրաինայի կարգավորումը շարունակում է դիտարկել այսպես կոչված «նոր աշխարհակարգի սկզբունքների և տարրերի» հարցում հիմնարար համաձայնության տիրույթում:
Նրա այդ դիրքորոշումը հայտնի է «Յալթա -2» անվանումով, ինչը ենթադրում է աշխարհում ազդեցության գոտիների վերաբաժանում:
Ամենայն հավանականությամբ, բոլորովին էլ պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահն անդրադառնում է Արեւմուտք-ԽՍՀՄ դիմակայությանը և այն անվանում «ոչ թե գաղափարական, այլ աշխարհաքաղաքական»:
Նրա դիտարկումը, որ Արևմուտքը «չի ճանաչում Ռուսաստանի անկախությունը և լիիրավ ինքնիշխանությունը», այլ բան չի նշանակում, քան՝ պահանջ, որ Արևմուտքը պետք է իրավական ամրագրմամբ Ռուսաստանը ճանաչի որպես «ապագաղափարականացած ԽՍՀՄ», որի ազդեցության գոտում էր Արևելյան Եվրոպան, որոշակի առումով՝ նաև Մերձավոր Արևելքը, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ:
Կարելի է, այսպիսով, եզրակացնել, որ Վլադիմիր Պուտինն այդ հարցազրույցով ազդակ է հղում Միացյալ Նահանգների նախագահին, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել «ցանկացած մարտահրավեր», իսկ Դոնալդ Թրամփի «հիասթափությունն» այդ մրցակցության մեջ «ոչ մի էական նշանակություն չունի»:
Ուկրաինայի և հաջորդաբար հետխորհրդային մյուս երկրների պետականությունը լուծարելու պուտինյան բոլոր փաստարկները միջազգային աջակցություն չեն գտնում: Տպավորությունը, որ «գործարքի վարպետ» Թրամփը կարող է հաշտվել Ռուսաստանի տարածքային էքսպանսիայի հետ, հավանաբար, Կրեմլում այլևս ակտուալ չէ, և Վլադիմիր Պուտինին մնացել է «բոլոր խաղաքարտերը բացել», ինչն էլ նա արել է: Քաղաքական առումով դա համաշխարհային պատերազմի «անոնս է»:
ԱՄՆ նախագահն ինչպե՞ս կընդունի Պուտինի սպառնալիքը, տեղի կտա՞, թե կմտնի բաց դիմակայության ռեժիմի մե՞ջ: Իրավիճակն, իրոք, էքզիստենցիալ է և հիշեցնում է, թերևս, Կարիբյան ճգնաժամը: Բայց այն ժամանակ ԽՍՀՄ-ը կար, միասնական պետություն էր: Այսօր հետխորհրդային տարածքում բոլորը Պուտինից «երես են թեքում», յուրաքանչյուրը ձգտում է անվտանգության և ինքնիշխանության երաշխիքներ ստանալ:
Պուտինի հաշվարկը, գուցե, այն է, որ միջուկային ապոկալիպսիսից զգուշանալով՝ ԱՄՆ-ը և հավաքական Արևմուտքը կճանաչե՞ն նրա «լիիրավ ինքնիշխանությունը» նախկին խորհրդային տարածքում: Բայց Ռուսաստանն այդ «համախմբումն» անարյուն իրականացնելու ռեսուրս ունի՞: Եվ եթե «փափուկ ուժը» չաշխատի, Ուկրաինան «կրկվելու է» հետխորհրդային ողջ տարածքո՞ւմ:






Բաց մի թողեք
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար
Չարլզ III թագավորը` «խորացող բաժանումից» հետո, կոչ է անում հաշտեցման և միասնության. Լուսանկարներ
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ