Քոլեջի շրջանավարտները համալրում են տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտը – Լուսանկարներ

«Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է Երևանում, 1937 թվականին:

1963 թ. այս ուսումնական հաստատությունը տեղափոխվել է Նոր Գեղի համայնք, որը նախկինում կոչվել է Ճատկռան: 1980-ականներին եղել է բազային Սովխոզ տեխնիկում, միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովելու հետ մեկտեղ ունեցել է մեծ արտադրողական բազա՝ ֆերմա, փայտի արտադրություն, 400 հեկտար խնձորի այգիներ, որտեղ ուսանողներն իրենց ուսումնական և արտադրական պրակտիկաներն են անցկացրել: 1991թ. սեփակաշնորհման գործընթացից հետո այդ հողատարածքները դարձել են համայնքի բնակիչների սեփականությունը, տեխնիկումը վերանվանվել է «Նաիրի» ագրոֆիրմայի, իսկ 2003 թ. «Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի:

Այսօր քոլեջում իրականացվող ուսումնական գործընթացը ղեկավարում է քոլեջի երկարամյա տնօրեն Արա Խաչատրյանը: Ծնվել է 1978 թ., ավարտել է Վ. Բրյուսովի անվ. Օտար լեզուների ինստիտուտը և Ագրարային համալսարանը (ակադեմիա), մի մասնագիտությամբ՝ քաղաքագետ, մյուսով գյուղատնտեսության ոլորտի ֆինանսիստ: Դասախոսել է Ագրարային համալսարանում, իսկ 2004թ.-ից՝ Նոր Գեղիի Գյուղատնտեսական քոլեջում: 2010թ. նշանակվել է քոլեջի տնօրեն:

Քոլեջում իրականացվող ուսումնական գործընթացի, ձեռքբերումների ու խնդիրների մասին զրուցեցինք քոլեջի տնօրեն Ա. Խաչատրյանի հետ:

– Պարոն Խաչատրյան, ինչպիսի՞ բաժիններ են գործում և տարածաշրջանի համար ի՞նչ մասնագետներ եք պատրաստում:

– Քոլեջում գործում են հիմնականում գյուղատնտեսական մասնագիտություններ՝ այգեգործություն, փոխադրումների կազմակերպում, կառավարում տրանսպորտում, մեղվաբուծություն (գործում է 4 տարի), ջերմոցային տնտեսություն / գործում է 2 տարի/: Այս ուսումնական տարվանից բացվել է նոր բաժին՝ «Գյուղմեքենաների սպասարկում, նորոգում» մասնագիտությամբ: Ունենք նաև «Ֆինանսներ» մասնագիտությամբ՝ հեռակա բաժին: Բոլոր մասնագետները պատրաստվում են գյուղատնտեսության ոլորտի սպսարկման համար:

– Որտե՞ղ են անցկացնում ուսանողներն իրենց ուսումնական և արտադրական պրակտիկաները:

– Մենք ունենք կնքված մի շարք պայմանագրեր, տարածաշրջանում գործող լավագույն տնտեսությունների հետ, որտեղ ըստ մասնագիտությունների մեր ուսանողներն անց են կացնում իրենց արտադրական, ուսումնական պրակտիկան: Այդ ձեռնարկություններից են՝ Նոր Գեղի համայնքում գործող ֆերմերային, ջերմոցային, ինչպես նաև Մայակովսկի գյուղի հարևանությամբ գտնվող «Վանիկ Ստեփանյան», Արամուս գյուղի մեղվաբուծության տնտեսությունները: Այդ հարցերում մեզ շատ են աջակցում Նոր Գեղի և Արգել համայնքները: Իսկ փոխադրումների կազմակերպումն ու կառավարումը՝ «Գառնիկ Մխիթարյան» Ա/ Ձ տնտեսությունում են մասնագիտանում:

– Ի՞նչ աշխատանքներ են կատարվում, շրջանավարտներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, կարիերայի կենտրոն գործու՞մ է:

– Քոլեջի կարիերայի կենտրոնը գործում է, շատ սերտ աշխատում է ուսանող- գործատու հարաբերությունները: Մեր շրջանավարտներից շատերը կարիերայի կենտրոնի շնորհիվ գտել են իրենց աշխատանքը գյուղատնտեսության ոլորտում: Աշխատանքներն ամենօրյա են և մենք այս ուսումնական տարվա շրջանավարտների համար ավելի շատ տեղեր ենք ակնկալում, իրենց աշխատանքի համար: Այդ ոլորտում, մենք համագործակցում ենք Աբովյանի և Եղվարդի զբազղվածության կենտրոնների հետ:

– 2020 թ.պետբյուջեյից, նախարարությանը տրված հատկացումով՝ 8 ուսհաստատություններից մեկը Ձեր ղեկավարած քոլեջն է, որտեղ պետք է կատարվեն վերանորոգման աշխատանքներ, ի՞նչ դրական ազդեցություն կթողնի՝ կրթության գործընթացի և տարածաշրջանում գյուղատնտեսության զարգացման վրա:

– Աշխատաշուկան մեզ թելադրում է պահանջ, որ մենք մասնագետին դիտարկենք որպես պրոդուկտ, որակյալը ստանալու համար մենք պետք է ապահովենք որակյալ կրթություն: Ժամանակակից կրթությունը՝ հին սարքավորումներով, հին մեթոդներով, պարզապես անհնարին է իրականացնել: Դրա համար, ես համոզված եմ, որ վերանորոգման, վերազինման աշխատանքները երիտասարդության շրջանում ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն դեպի գյուղատնտեսական կրթությունը և, արդյունքում կունենանք ավելի որակյալ մասնագետներ, ովքեր իրենց աշխատանքով կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը:

Մեր քոլեջում ամենակարևորը ջեռուցման համակարգի ներդրումն է, այդ թվում նաև կոսմետիկ վերանորոգումը, ժամանակակից լաբորատորիաները, ժամանակակից կաբինետները /նաև համակարգչային/, ջերմոցը, ժամանակակից մարզասարքերով մարզադահլիճը:

– Նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև զորամասերի հետ համագործակցու՞մ եք:

– Հայաստանից դուրս դեռևս համագործակցություն չունենք, իսկ մեր երկրում՝ Կոտայքի մարզի ուսհաստատությունների և տարբեր մարզերի գյուղքոլեջների հետ ամենօրյա կապի մեջ ենք:

Մենք պայմանագիր ունենք Լուսակերտում տեղակայված զորամասի հետ, պարբերաբար սպաները մեզ մոտ անցկացնում են բաց դասընթացներ, իսկ մենք մեր ուսանողներին՝ պայմանագրի շրջանակներում, իրենց հսկողության տակ ուղարկում ենք զորամաս, այնտեղ դասերին մասնակցելու համար:

– Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

– Ես ցանկանում եմ խորհուրդ տալ ապագա ուսանողներին և նրանց ծնողներին. մասնագիտություն ընտրելիս, ոչ թե նայեն, որ մասնագիտությունն է մոդայիկ կամ՝ լավ հնչում, այլ փորձեն հասկանալ, որ դա վաղվա ընտանիքի ապրելու միջոցն է և երիտասարդի ապագան:

Մանվել Կիրակոսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...