Հայաստանի իշխանությունները համարժեք պատասխան տվեցին Մոսկվային

- in Կարծիք

Ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում գտնվող արձանի՝ Շահեն Հարությունյանի կողմից ներկվելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է։

«Նշանակվել էր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը)»,- տեղեկացրել են ոստիկանությունից, հավելելով, որ արարքը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքով:

Անշուշտ, կայացվել է քաղաքական որոշում, որն այս պարագայում բխում է համարժեքության սկզբունքից։

Ամենևին էլ այնպես չէ, որ Շահենի քայլը դրվատանքի արժանի է՝ թեև նրա անկեղծ մղումներին։ Առհասարակ՝ պատմության դեմ պայքարը, հուշարձանների դեմ ոտնձգությունները քաղաքական պայքարի ամենաարդյունավետ գործիքները չեն ու ամենևին էլ չեն նպաստում անցյալի շուրջ ռացիոնալ դիսկուրսին կամ պատմության վերաիմաստավորմանը։ Սա անհերքելի աքսիոմ է։

Մյուս կողմից՝ անբնական կլիներ, եթե Շահեն Հարությունյանը ենթարկվեր քրեական հետապանդման՝ այն պարագայում, երբ Ռուսաստանում գրեթե հերոսացվում է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը, որը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Շահենը հենց նրան էր պատասխանել՝ Գրիբոյեդովի արձանը ներկելով։

Խնդիրն այստեղ քաղաքական հարթության վրա է։

Եթե Մոսկվան չի սաստում պետական պաշտոն զբաղեցնող իր քաղաքացու վանդալիզմը, ապա Երևանում չէր կարող նույն հիմքով հետապնդվել քաղաքացիական ակտիվիստ, որն ընդամենը պատասխանել էր ռուսաստանցի պատգամավորի քայլին։ Նախ՝ դա հակասության մեջ կմտներ համարժեքության սկզբունքի հետ՝ առնվազն վկայելով այն մասին, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն ամենևին էլ իրավահավասար չեն ու զարգանում են այլ տրամաբանության մեջ։

Մյուս կոմից՝ Ռուսաստանում աստիճանաբար պետք է ձերբազատվեն այն վտանգավոր մտայնությունից, որ իրենք կայսրություն են, իսկ հետխորհրդային անկախ պետությունները՝ ծայրագավառ։ Ակնհայտրեն Նժդեհը թիրախավորվել է հենց այն պատճառով, որ հայկական ռազմա-քաղաքական գործիչների մեջ ամենաշատն է նույնանում Հայաստանի ինքնիշխանության, սեփական օրակարգի, այլ խոսքով՝ հակակայսերականության հետ։ Նման իրավիճակում, երբ Մոսկվան չի պատժում իր երկրամասերից մեկի պատգամավորին՝ ակամյից խրախուսում է կայսերական օրակարգը, ինչը պետք է կամ «մարսվի» Երևանի կողմից, կամ էլ՝ արժանանա համարժեք պատասխանի։

Երեկ լոկալ մի դրվագով Հայաստանի իշխանությունները համարժեք պատասխան տվեցին Մոսկվային։ Ի վերջո, ռուսները պետք է սովորեն հարգել մեր ինքնիշխանությունը, պատմությունը, հերոսներին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...