Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2 վարույթ է հարուցել

- in Տնտեսական

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունը երկու ամսվա ընթացքում ավելի շատ հիմնված է եղել նորարարական մոտեցումների, թափանցիկության, հաշվետվողականության ապահովման սկզբունքների վրա:

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ դեկտեմբերից սկսել են հանձնաժողովի գործունեության ռազմավարության մշակման աշխատանքները: Ավելի քանի 70 գերատեսչություններից, կազմակերպություններից և անհատներից ստացվել են առաջարկներ:

Իրականացրած աշխատանքներից Հայկուհի Հարությունյանն առանձնացրեց հանրային ծառայողների թեկնածուների, այդ թվում, դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման մեթոդաբանության մշակման աշխատանքները: Այդ ուղղությամբ աշխատում են միջազգային գործընկերների հետ: Հաշվի առնելով եվրոպական փորձը՝ առաջիկայում մեթոդաբանության մշակման աշխատանքները վերջնական տեսք կունենան:

Այս ընթացքում քաղաքացիներ են դիմել հանձնաժողովին և ներկայացրել այս կամ այն ոլորտում առկա իրենց մտահոգությունները կոռուպցիոն երևույթների վերաբերյալ:

«Ընդհանուր 20-ից ավելի դիմում ու բազմաթիվ զանգեր ենք ունեցել: Ինձ չզարմացրեց այն, որ դիմումներում հիմնականում խոսվում է դատական համակարգում տեղի ունեցած անարդարությունների մասին, որտեղ քաղաքացին մատնանշում է նաև կոռուպցիոն գործարք: Նորություն չի լինի, եթե ասեմ, որ դրանք վերագրվում են նաև հեղափոխությունից առաջ ընկած ժամանակահատվածին: Ներկայացնում են կյանքի այն ոլորտները, երբ քաղաքացին անարդարության է բախվել և դատական համակարգի միջոցով լուծում չի ստացել»,-ասաց Հայկուհի Հարությունյանը: Եղել են դիմումներ այն մասին, որ քաղաքացին տնտեսական գործարքների ժամանակ բախվել է անարդարության, բարձրացվել են նաև հարցեր աճուրդների հետ կապված:

Աշխատանքային գործունեության ընթացքում հանձնաժողովը քննարկել է պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտման, հայտարարագրերի սխալ լրացման վերաբերյալ 8 դիմում, և հարուցվել է 2 վարույթ: Այդ թվում՝ վարույթ է հարուցվել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments