Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը, որը մինչեւ 2018 թվականը քաղաքապետարանի հնաբնակներից էր եւ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո մեկ տարի աշխատեց նույն պաշտոնում, օգոստոսի 29-ին ձերբակալվել էր։
Այդ օրը Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հաստատել էին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը: Նա մեղադրվում էր այն բանում, որ դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Մոսկովյան փողոցում գտնվող «Սանտաֆե» սրճարան-ռեստորանի շենքը Երեւան համայնքի գույքային հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ։ Ի դեպ, նշված սրճարան-ռեստորանը պատկանում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին։
Այդ ժամանակ Արսեն Ամյանին դատավոր Արամ Գրիգորյանը կալանավորել էր, պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Եվ ահա տեղեկացանք, որ Ամյանի խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքի, գործն էլ իրավապահները ափալ-թափալ քննել են եւ ուղարկել դատարան՝ քննության․ այն մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Երեւանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած (պաշտոնավարումը կասեցված է) Գայանե Մեժլումյանը, որի նկատմամբ խափանման միջոցը եւս բացակայելու արգելքն է։
Նրա պաշտպան Սմբատ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում․ «Ինձ համար առնվազն անհասկանալի է մեղադրանքը, կադաստրի աշխատողին որ պատահականության սկզբունքով թուղթ են տալիս, մուտք է անում, դա չի կարող 308 հոդված լինել, կարող է լինել անփութություն, բայց ոչ դա։ Սա աբսուրդ է ուղղակի, իրենը գույքի գրանցման հարց է եղել, բայց գրանցումը ճիշտ է արվել»։
Հարց է առաջանում՝ իշխանությունը վերցնելո՞ւ է «Սանտաֆե» սրճարանի տարածքը եւ կասեցնելո՞ւ է սրճարանի գործունեությունը։ Փորձեցինք կապ հաստատել, սրճարանի ինքնապատասխանիչն ասաց՝ սրճարանն ավարտել է սեզոնային աշխատանքը, աշխատանքները կվերսկսվեն հաջորդ տարի։ 2026 թվականին քաղաքապետարանը կորոշի՝ երկարաձգե՞լ վարձակալության պայմանագիրը Խաչատրյանների հետ, թե՞ ոչ, թեպետ, ըստ օրենքի, առանց վարձակալի համաձայնության չեն կարող պայմանագիրը չեղարկել եւ տարածքը վերցնել, քանի որ այն անշարժ գույքով ծանրաբեռնված է։







Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել