Անցած կիրակի Մայամիում կայացել են ռուս-ամերիկյան բանակցություններ: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը դրանք գնահատել է «կառուցողական»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումներից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հատուկ բանագնաց Դմիտրիևի հետ «կքննարկի ամերիկյան կողմի հետ բանակցությունների արդյունքները»:
Ռուսաստանյան «Կոմերսանտը», հղում անելով UnHerd-ին ԱՄՆ փոխնագահ Վենսի հարցազրույցին, հայտնել է, որ Մայամիի քննարկումներում «Ռուսաստանը և Ուկրաինան կոնկրետ սահմանել են, թե որտեղ կարող են զիջում անել, որտեղ՝ ոչ»:
ԱՄՆ փոխնախագահը դա գնահատել է «կարևոր առաջընթաց», քանի որ կողմերն այլևս «իրենց նպատակները կեղծ նարատիվներով չեն քողարկում»:
Վենսն իր հերթին կարևոր բացահայտում է արել, ըստ որի սկզբունային տարաձայնությունը երկու՝ Դոնբասից ուկրաինական զորքերը լիովին հեռացնելու և Զապորոժիեի ԱԷԿ շահագործման իրավունքի, հարցի շուրջ են:
«Մենք գտնվում ենք մի փուլում, երբ վերջնական համաձայնությունը մոտ է, բայց նաև ոչ մի երաշխիք չունենք, թե այն իրականում կկայանա»,- ուկրաինական կարգավորման բանակցություններում իրավիճակն այսպես է գնահատել ԱՄՆ փոխնախագահը:
Այս համատեքստում «Ուոլ սթրիթ ջոռնելը» եզրակացրել է, որ «դասական դիվանագիտությունը դադարել է բարդ խնդիրների լուծման գործիք լինել, առաջնահերթությունը տրվում է բիզնես-գործարքներին»:
Պարբերականը հիշեցրել է Վիետնամի պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները, երբ ԱՄՆ-ը ներկայացնում էր պետքարտուղար Քիսինջերը և նկատել, որ ներկայումս Դոնալդ Թրամփը «ոչ թե պետքարտուղար Ռուբիոյին, այլ բիզնես-գործընկեր և գոլֆի մրցակից Ուիթկոֆին է վստահել Ռուսաստանի հետ չափազանց բարդ գործարքին հասնելու առաքելությունը»:
Հեղինակը, վկայակոչելով ամերիկյան գործարար շրջանակներից վստահելի աղբյուրների, բացահայտել է, որ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը պայմանավորված է Եվրամիության երկրներում Ռուսաստանի ֆինանսական միջոցների օգտագործմամբ:
Խոսքը ավելի քան 200 միլիարդ եվրոյի մասին է, որ ԱՄՆ-ը մտադիր է օգտագործել Ուկրաինայի տարածքում վերականգնողական ծրագրեր իրականացնելու նպատակով: Այս տեղեկությունը բավական վստահելի է թվում, եթե հիշենք, որ Մայամիի բանակցություններից մի քանի օր ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել և պնդել, որ Մեծ Բրիտանիան ամեն ինչ անում է, որպեսզի «ԱՄՆ-ը չտիրանա Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվներին»:
Կոպիտ ասած, ստացվում է, որ Ռուսաստանը սեփական ֆինանսական միջոցների հաշվին Միացյալ Նահանգներից «գնում է» Դոնբասը և Զապորոժիեի ԱԷԿ-ը, իսկ Ուկրաինան և Եվրամիությունը նման «ցինիկ գործարքը» կանխելու հնարավորություն առայժմ չունեն: Եվրամիությունը, գուցե, ինքն էլ կցանկանար այդ գնով Դոնբասը «հանձնել» Պուտինին, բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանի նախագահը Բրյուսելը որպես ինքնուրույն ուժային կենտրոն չի ճանաչում:
«Ուոլ սթրիթ ջոռնելի» մեկնաբանը, թերևս, ճիշտ է. դասական դիվանագիտությունը «մահանում է»: Բայց եթե դիվանագիտության խնդիրն ի վերջո գործարքի հասնելն է, ապա, երևի, դա ավելի արդյունավետ կարող են գործարարներն անել:






Բաց մի թողեք
«Եվրոպան պայքարի մեջ է», – պնդեց նա՝ «կայսերական նկրտումների և կայսերական պատերազմների» «անողոք» աշխարհում
Սուրբ Ծնունդը դառնում է Եվրոպայի մշակութային պատերազմների նոր ճակատագիծ
Եվրոպական առաջնորդները համերաշխություն են հայտնում Դանիային՝ Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի վերջին սպառնալիքից հետո