Թուրքիայի Ազգային մեծ ժողովի երեք պատգամավոր անցյալ ամիս Իմրալի կղզում հանդիպել է «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Օջալանի հետ: Բանակցությունները, երևում է, ավարտվել են անպտուղ:
Այդ է վկայում իշխանական Turkiye պարբերականի հրապարակումը, որ հիմք է ընդունել «Ազգայնական շարժում» կուսակցության տարածած հաղորդագրությունը: Ըստ այդմ, Թուրքիայի խորհրդարանի պատվիրակները Օջալանին հիշեցրել են, որ նախորդ քննարկումներում «դաշնային կառուցվածքի, ինքնավարության, մշակութային ինքնության հարցեր չեն քննարկվել»:
Հասկացվում է, որ Էրդողանի հռչակած «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ծրագրին հետագա աջակցության դիմաց Օջալանը քրդերի համար պետականություն և ազգային-մշակութային ինքնության սահմանադրական երաշխիքներ է պահանջել:
«Ազգայնական շարժում» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ քրդերը զենքը ցած դնելուց հետո «պետք է հանձնվեն արդարադատության մարմիններին, որպեսզի նրանք քննարկեն ներման արժանանալու հնարավորությունը»:
Ինչ վերաբերում է քրդերի ազգային-մշակութային ինքնությանը, ապա թուրք ազգայնականների կարծիքով «Թուրքիայում ոչ ոք խտրականության չի ենթարկվում, յուրաքանչյուր աշխարհ եկած մարդ իր ծնողներից սովորում է մայրենի լեզուն և այն ազատ գործածում ընտանիքում»:
Էրդողանի կոալիցիոն գործընկեր կուսակցությունը միաժամանակ պնդում է, որ Թուրքիայի «սահմանադրական-պետական լեզուն թուրքերենն է, որ նաև կրթության և գիտության լեզու է, միավորում է ազգը, ուստի երկրորդ լեզվով կրթությունն անընդունելի է»:
Այս տեսակետը վստահաբար կարելի է համարել պաշտոնական: Էրդողանը փաստացի մերժում է քրդերի ոչ միայն պետականություն ունենալու, այլև ազգային լեզվով կրթություն ստանալու իրավունքը:
Նրանք կարող են միայն ընտանեկան շրջապատում «ազատորեն» հաղորդակցվել մայրենի լեզվով: Որքանով հասկացվում է, Օջալանը մերժել է Սիրիայի քրդերին դիմելու, նրանց զինաթափվելու կոչ անելու առաջարկությունը:
Թուրքիան հետեւողականորեն ձգտում է հասնել Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական փաստացի ինքնավարության լուծարմանը, ինքնապաշտպանական ուժերի զինաթափմանը, հանդես է գալիս որպես այդ երկրի տարածքային և քաղաքական ամբողջության երաշխավոր:
Այդ հողի վրա Թուրքիան Իսրայելին մեղադրում է Սիրիան «մասնատելու ծրագիր իրականացնելու» մեջ: Օջալանի հետ թուրք պատգամավորների բանակցությունների ձախողումը, մինչդեռ, կարող է քրդական հարցը սրել Թուրքիայի ներքաղաքական կյանքում:
Թուրքական անկախ մամուլը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Իմամօղլուին նախագահի թեկնածու առաջադրելու ստորագրահավաք է անցկացնում, և քսանհինգ միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի արդեն միացել է ակցիային:
ԺՀԿ առաջնորդ Օզելը հայտարարել է, որ Իմամօղլուի աջակիցների թվաքանակը կհասնի քսանյոթ միլիոնի, նախագահական վերջին ընտրություններում Էրդողանի օգտին քվեարկել է ճիշտ նույն թվով ընտրող:
Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» նաախձեռնությանը, Օջալանի հետ բանակցություններին և Ազգային մեծ ժողովի «եղբայրության հանձնաժողովի» աշխատանքներին չի մասնակցել, բայց Էրդողանի հետ մրցապայքարում, ամենայն հավանականությամբ, կօգտագործի նաև քրդական ճգնաժամը:






Բաց մի թողեք
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում