27/01/2026

Ինչ է ակնկալում ԱՄՆ-ն Հայաստանից․ Ռուբիոն փակագծեր է բացել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ մոտ ապագայում ստորագրվելիք համաձայնագիրը կդառնա լիարժեք խաղաղության պայմանագրի մեկնարկային կետը։

Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահը հավատարիմ է երկարատև խաղաղություն հաստատելու գաղափարին և մտադիր է ամրապնդել այն.

«Երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմ սկսեցին, մենք անմիջապես միջամտեցինք, և նախագահը կարողացավ ապահովել խաղաղություն: Վերջերս նմանատիպ իրավիճակ առաջացավ Կամբոջայի և Թաիլանդի միջև:

Մենք հույս ունենք, որ նույնը կհասնենք նաև Ադրբեջանի և Հայաստանի դեպքում: Այս ուրբաթ մենք այստեղ կլինենք՝ համաձայնագիրը ստորագրելու և այն խաղաղության պայմանագրի սկիզբ դարձնելու համար», – ընդգծել է նա:

***

Պատահական չէ, որ օգոստոսի ութի հանդիպման մասին տեղեկատվությունն ընդամենը օրեր առաջ տարածվեց․ ոչ Ալիևը, ոչ էլ Փաշինյանը հետաքրքրված չէին այդ տեղեկությունների՝ ժամանակից շուտ հրապարակմամբ:

Այս մասին Minval az-ին ասել է «Ատլաս» քաղաքական ուսումնսիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ ԷԼհան Շահինօղլուն: «Հանդիպման մասին տեղեկությունը սկսեց տարածվել վաշինգտոնյան շրջանակներից ընդամենը դրա տեղի ունենալուց մի քանի օր առաջ:

Պատճառն այն է, որ Հարավային Կովկասի պետությունների՝ Վաշինգտոնի հետ ունեցած ջերմ փոխհարաբերությունները դուր չեն գալիս Ռուսաստանի Դաշնությանն ու Իրանին»,-ասել է Շահինօղլուն: Ադրբեջանցի քաղաքագետը նշում է, որ չնայած թե Երևանը, թե Բաքուն որոշակի անհամաձայնություններ ունեն ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետ կապված, սակայն այդ անհամաձայնությունները ՌԴ-ի ու Իրանի հետ ավելի շատ են:

Ինչ վերաբերում է այս հանդիպմանը, ապա Շահինօղլուն նշում է, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, այս հանդիպմանը ամերիկացի դիվանագետները սկսել են պատրաստվել շաբաթներ առաջ ու շաբաթներ առաջ են սկսել կազմել փաստաթղթեր, մեմորանդումի տեքստը, որոնք բանակցությունների ավարտին պետք է ստորագրվեին: Ի դեպ, վերջինս նշել է, որ եթե Փաշինյանը համաձյանի ամերիկյան առաջարկին՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վարձակալությանը, ապա Իրանն ու Ռուսաստանը դրան խոչընդոտելու միայն մեկ ու կտրուկ այլընտրանք ունեն՝ Հայաստանում հեղափոխություն անել: Շահինօղլուն վստահ է, որ այս հանդիպման ընթացքում վերջնականապես կփակեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը: