28/12/2025

Կրակել են Գյումրիում դաջվածքներ անող հայտնի տղամարդու աչքին

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քրեական ոստիկանները՝ քրեական ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, մեկնում են ենթադրյալ դեպքի վայր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Պարզվում է, որ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ․-ն «աջ աչքի հրազենային վնասվածքով» տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը իրենց ասել է, որ չի հիշում որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։ Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նաև նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիարկի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անող է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կրակոցը արձակվել է պնևմատիկ ատրճանակից։