26/01/2026

Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են անտեղ

Հունվարի 26-ին պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցել են Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Մարգարայի անցակետ։ Հյուրերը շրջել են անցակետի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին։

Շրջայցի ընթացքում ներկայացվել են անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, սահմանային և մաքսային հսկողության իրականացման գործընթացները, ինչպես նաև կիրառվող ընթացակարգերի առանձնահատկությունները։

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրականացնելու անհրաժեշտ սահմանային մաքսային ծառայությունը պետական սահմանի Մարգարա անցման կետում։

«Ծառայության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով նախատեսվել են համապատասխան աշխատակիցներ, որոնք սահմանի վերաբացման դեպքում անցակետում կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ»,-նշեցէ Ռաֆայել Գևորգյանը։

Ըստ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արամ Պետրոսյանի, անցակետը հագեցած է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և արդիականացված ենթակառուցվածքներով, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ և անվտանգ իրականացնել մաքսային գործառույթները։

Անցակետում կառուցվել են հարմարավետ սպասարկման սրահ, մեքենաների մանրամասն զննման մասնաշենք, ավտոմեքենաների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, այդ թվում՝ ուղեբեռների և ֆիզիկական անձանց զննության համար նախատեսված ռենտգենյան հսկողության սարքերով, էլեկտրոնային կշեռքներով և այլ տեխնիկական միջոցներով։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ Ռոբերտ Ղարսոյանը հայտնեց, որ Մարգարա անցման կետում սահմանապահ ծառայությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, և սահմանի վերաբացումից հետո պատրաստ են լիարժեք իրականացնելու իրենց առջև դրված խնդիրները՝ ապահովելով անհրաժեշտ ծավալի ուղևորների պատշաճ սպասարկումը։

Նշենք, որ Մարգարայի անցակետի կառուցման աշխատանքներն ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերի վերջին։