25/12/2025

Նաթանյահուն Ալիևից դժգոհության ներքաղաքական պատճառ ունի

Ալիևը հեռախոսազանգ է ստացել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Իսրայելի նախագահն Ալիևին «նախագահի պաշտոնում նոր հաջողություններ և ամուր առողջություն է մաղթել»:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև «հարաբերությունների զարգացումը, մտքեր փոխանակել համագործակցության հեռանկարի շուրջ»: Ալիևը Հերցոգին «ուշադրության և բարեմաղթանքի համար» շնորհակալություն է հայտնել:

Իսրայելը խորհրդարանական կառավարման երկիր է, որի արտաքին և ներքին քաղաքականության, անվտանգության և համագործակցության հետ կապված բոլոր հարցերը վարչապետի գլխավորությամբ որոշում է կառավարությունը, իսկ ավելի «նուրբ խնդիրները» լուծվում են «պատերազմական կաբինետում»:

Իսրայելի նախագահը կատարում է զուտ ներկայացուցչական գործառույթներ և միայն անվանապես է համարվում հրեական պետության գլուխ:

Ալիևին Իցհակ Հերցոգի հեռախոսազանգը դիվանագիտական արարողակարգի առումով, իհարկե, հարգանքի տուրք է բարեկամ երկրի առաջնորդին, բայց միաժամանակ վկայում է, որ պաշտոնական Երուսաղեմի և Բաքվի միջև փոխգործակցությունը կատարյալ վստահելիության մակարդակի վրա չէ:

Անցյալ տարվա մայիսին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ծրագրել էր գրեթե մեկշաբաթյա այց կատարել Բաքու: Այն տեղի չունեցավ:

Ֆորմալ պատճառն այն էր, որ Թուրքիան հրաժարվել էր Իսրայելի վարչապետի ինքնաթիռին օդային միջանցք տրամադրել: Փաստացի Էրդողանն Ալիևին արգելել էր ընդունել Նաթանյահուին:

Թուրքիայի ԱԳՆ-ն այդ առթիվ հայտարարել էր, որ Իսրայելից Ադրբեջան «թռիչքի այլ երթուղիներ կան»: Դա բացահայտ զգուշացում էր, որ Նաթանյահուի Բաքու ուղեւորությունն Անկարայի համար անցանկալի է:

Չնայած ԱՄՆ-ի հորդորներին, Իլհամ Ալիևը չի միանում «Աբրահամյան համաձայնություններին»: Բաքուն հիմնավորում է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորված են, նոր համաձայնագրի «հրատապ անհրաժեշտություն չկա»:

Փաստացի, մինչդեռ, Ալիևը կաշկանդված է իսլամական համերաշխության և Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի գործոններով: Դրանով է պայմանավորված նաև Գազայում «Միջազգային կայունացնող ուժերին» մասնակցությունից հրաժարումը:

Իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին, ամենայն հավանականությամբ, «թանձր ստվեր է թողնում» նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի վերջին հայտարարությունը, որ կողմերը «նպատակադրվել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի»:

Մեծ է հավանականությունը, որ Նաթանյահուն Ալիևից դժգոհության ներքաղաքական պատճառ ունի նաև, նրա ամենաեռանդուն քննադատ և մրցակից Լիբերմանը Ալիևի վաղեմի բարեկամն է: Լիբերմանի ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը ռուսախոս հրեաներն են, որ ներգաղթել են հետխորհրդային երկրներից, այդ թվում՝ Բաքվից և Ադրբեջանի Ղուբայի շրջանից: