25/12/2025

Ո՞վ է Թուրքիայի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հավակնությունները փորձում զսպել

ԱՄՆ «Ատլանտյան խորհուրդ» հեղինակավոր վերլուծական կենտրոնը Թուրքիայի վերաբերյալ հոդված է հրապարակել, որի գլխավոր դրույթները փոխանցել է Turkiye իշխանամետ պարբերականը:

Ըստ երևույթին, այդ վերլուծությունը հասցեագրված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և նրա աշխատակազմի առանցքային պաշտոնյաներին, իսկ առիթը, որքանով հասկացվում է, Իսրայելի վարչապետ Նաթանյահուի սպասվող այցն է:

Հոդվածն, ըստ թուրքական լրատվամիջոցի, անստորագիր է և արտահայտում է «Անտլանտյան խորհրդի» համաձայնեցված տեսակետը, որ հակիրճ ձևակերպմամբ հանգում է հետևյալին. «Մերձավոր Արևելքում «մրցակցությունից՝ համագործակցություն» սկզբունքով աշխարհաքաղաքական նոր կարգավորման ծրագիրն առանց Թուրքիայի գործուն ներգրավվածության հաջողություն չի կարող ունենալ»:

Ընդսմին, Թուրքիայի ներգրավվածությունն անհրաժեշտ է դիտվում նաև Միջերկրականի արևելյան հատվածում էներգետիկ և Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագրավորումներում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հռչակել է «ծովային տերություն դառնալու» հավակնոտ նպատակ և անոնսավորել, որ սկսվում է թուրքական առաջին ավիակիր նավի կառուցումը:

Ըստ տեղեկությունների, այն կունենա երեք հարյուր մետր երկարություն և տախտակամածին կընդունի և կործանիչներ, և ռմբակոծիչներ: Թուրքական ավիակիրը կունենա նաև հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:

Թուրքական մամուլը հայտնել է, որ Թուրքիան Սոմալիում ձեռնամուխ է եղել տիեզերակայանի կառուցմանը: Ռազմական փորձագետները գտնում են, որ դա թույլ կտա տիեզերք արձակել կապի և հետախուզական արբանյակներ, ինչպես նաև իրականացնել «սեփական արտադրության համար բալիստիկ հրթիռների նախատիպերի փորձարկումներ»:

Այս ֆոնին Թուրքիայում դեկտեմբերի 24-ի երեկոյան արտակարգ և ողբերգական պատահար է տեղի ունեցել: Անկարայի «Էսենբողա» օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ հետո մասնավոր ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վայրէջք խնդրել, սակայն նույն պահին նրա հետ կապը խզվել է:

Շուրջ մեկ ժամ հետո փորկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները: Աղետի է ենթարկվել Լիբիայի ԶՈՒ ԳՇ պետ Մուհամեդ Ալի ալ –Համդադի գլխավորած զինվորական պատվիրակությունն Անկարայից Տրիպոլի տեղափոխող ինքնաթիռը:

Զոհվել են լիբիացի հինգ բարձրաստիճան զինվորականներ և անձնակազմի երեք անդամները: Լիբիական պատվիրակությունը հայրենիք էր վերադառնում Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ բանակցություններից անմիջապես հետո:

Դեկտեմբերի 24-ին աղետի վայր է այցելել Թուրքիայի ներքին գործերի նախարար Երլիքայան: Նա լրագրողներին ասել է, որ աղետի ենթարկված օդանավի ձայնագրող սարքավորումը և «սև արկղը» հայտնաբերվել են և հանձնվել մասնագետներին: Անկարա է ժամանել նաև լիբիացի մասնագետների խումբ:

Ի՞նչ կպարզի կամ կպարզի՞ արդյոք «սև արկղի» տվյալների և օդաչուների խոսակցությունների ձայնագրության վերծանումը, ժամանակի և նպատակահարմարության հարց է: Լիբիան Մերձավոր Արևելքի երկիր չէ, բայց տարածաշրջանի մերձավոր հարևան է, որտեղ վերջին մի քանի տարիներին Թուրքիան ռազմական ամուր ներկայություն է հաստատել:

Ոչ ոք չի կարող ասել, թե Լիբիայի ԶՈՒ ԳՇ պետը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ ինչ հարցեր և նպատակներ է քննարկել: Ո՞վ է Թուրքիայի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հավակնությունները փորձում զսպել:

«Ատլանտյան խորհրդի» եզրակացությունը Սպիտակ տան համար ուղենիշ կլինի՞: