27/12/2025

Պետականաքանդը

Այն, թե ինչ ինտենսիվությամբ են մեր պետական ինստիտուտները քանդում եւ պետականության տակ ականներ դնում, ուղղակի պատմության մեջ չլսված բան է: Նախ սկսեցին դասագրքերից ու պատմությունից:

Հրապարակ թերթը գրել է․ Պարզվեց, որ Եկեղեցու պատմությունը, մեծ թվով հայ գրողներ եւ անգամ Մեսրոպ Մաշտոցն ավելորդ են մեր դպրոցներում: Դրանց մասին մեր երեխաները կարող են չիմանալ: Դասագրքերում սկսեցին վերաշարադրել մեր ոչ հեռավոր անցյալի դեպքերը:

Հետո որոշեցին, որ Մասիս սարն ու Արցախն են ավելորդ` սարը հանել բոլոր հնարավոր տեղերից, «Արցախ» բառի գործածումից հրաժարվել, Մինսկի խումբը լուծարել եւ հայտարարել, որ Արցախյան շարժման էջը փակ է, Արցախ վերադարձի մասին խոսելը` վտանգավոր:

Հետո պարզվեց` «Արեւմտյան Հայաստան» եզրույթն էլ է վտանգավոր, որովհետեւ «Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Մարալիկն ու Ամասիան», իսկ Ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տվել` վնասից բացի, եւ նույնիսկ այդ տերմինն է օտարածին` մեզ դրսից պարտադրված: Եվ, առհասարակ` մենք «շատ տարածքներ ունենք, որ մեզ չեն պատկանում, այլ՝ Ադրբեջանին», եւ դրանք պետք է «տիրոջը» հանձնվեն:

Ապա պարզվեց` քննչական մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը ոչ թե երկրի, այլ մեկ անձի պաշտպանությամբ են զբաղված եւ մասնակցում են կաթողիկոսին հեռացնելու գործընթացին` անօրինական քայլերով պառակտելով հոգեւորականությանը:

Ձեռքի հետ էլ որոշեցին, որ բանակում պետք չէ 2 տարի ծառայել` մեկուկեսն էլ բավական է, իսկ արտաքին հետախուզության գործառույթը հարկավոր է հանել ԱԱԾ համակարգից եւ դրսից կառավարվող մի կառույցի` Արտաքին հետախուզությանը հանձնել, այսինքն` մի անփորձ աղջկա։

Եթե գումարենք նաեւ Գիտությունների ակադեմիան լուծարելու եւ այլ որոշումներ, ապա պարզ կդառնա, որ պետության հիմքերն են քանդում: