ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հավաքի «արժեքն այն է, որ Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենում»:
Պեսկովը մասնավորապես անոնսավորել է Վլադիմիր Պուտինի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բաքվից դեռևս պաշտոնապես չեն հաստատել, որ Ալիևը կմեկնի Մոսկվա:
ԱՊՀ առաջնորդների անցյալ տարվա հանդիպումը կազմակերպվել է Սանկտ Պետերբուրգում և ուղեկցվել ողբերգությամբ. դեկտեմբերի 25-ին կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը: Նույն ժամին Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը նույնպես գտնվել է Ռուսաստանի օդային տարածքում, և Ալիևը կայացրել է Բաքու վերադառնալու որոշում:
Ինչպես հայտնի դարձավ վերջերս, Ալիևը քաղաքացիական օդանավի աղետի լուրն ստանալով՝ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտնել, որ վերադառնում է Բաքու:
Անցած տարվա ընթացքում Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանման պատճառները պաշտոնապես չեն հրապարակվել: Բաքուն շատ զգալիորեն փոխել է տոնը: Արտաքին քաղաքական հարցերով Ալիևի օգնական Հաջիևը վերջերս ՌԴ ՀՕՊ ծառայությունների կողմից քաղաքացիական ինքնաթիռի խոցումը համարել է «սխալի հետևանք»:
Ըստ երևույթին, Ալիևի կոշտ պնդումները հետաքննության ընթացքում չեն հաստատվել կամ նա ինչ-ինչ հանգամանքների բերումով ստիպված է «կառուցողական լինել»:
ԱՊՀ առաջնորդների այս տարվա «հավաքից» մի քանի օր առաջ մերձմոսկովյան Օդինցովոյում ողբերգություն է տեղի ունեցել: Տասնհինգամյան Տիմոֆեյ Կ.-ն դանակի մի քանի հարված է հասցրել տասնամյա Օլիմջոն Ալիևին:
Երեխան տեղում մահացել է: Սպանությունը, ինչպես աղբյուրներն են տեղեկացրել, կատարվել է էթնիկ անհանդուրժողականության հողի վրա: Երեխայի մարմինը տեղափոխվել է Տաջիկստան, մուսուլմանական ծիսակարգով հողին հանձնվել:
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի իշխանություններից պահանջել է հետաքննել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Յուսուֆ Ռահմոնը Դուշանբեում Ռուսաստանի դեսպանից պահանջել է ապահովել տաջիկների անվտանգությունը:
Տաջիկստանը ոչ միայն ԱՊՀ, այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, որի տարածքում Ռուսաստանը երկու ռազմահենակայան ունի: Մանկահասակ Օլիմջոն Ալիևի դաժան սպանությունը Տաջիկստանում ցնցել է հանրությանը: Սոցիալական ցանցերը բառիս բուն իմաստով հեղեղված են զայրալի գրառումներով:
Բուռն զայրույթի տեղիք է տվել հատկապես այն, որ դեռահաս մարդասպանը լուսա-տեսանկարահանել է զոհի մարմինը և տարածել համացանցում: Օգտատերերի մեծ մասը համոզված է, որ «նա ֆաշիստական խմբավորմանը հաշվետվություն է տվել, որ առաջադրանքը կատարված է»:
Վլադիմիր Պուտինը նախատեսո՞ւմ է Տաջիկստանի նախագահ Ռահմոնի հետ հանդիպում, առայժմ տեղեկություն չկա: Եթե հանդիպումը տեղի ունենա, Օլիմջոն Ալիևի սպանությունը քննարկվելո՞ւ է:






Բաց մի թողեք
Հայաստանից ավար վերցրած զենքի արժեքը 5 – 6 միլիարդ դոլարի է, ինչ է բարբաջում Ալիևը
Ո՞վ է Թուրքիայի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հավակնությունները փորձում զսպել
Պուտինը Ալիևի սիրտը շահելու համար նրան «Կովկասի տեղապահ կնշանակի՞»