10/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ԱՄՆ-ը փորձում է Իսրայելին համոզել, որ Իրանում «կրոնապետությունը խաղաղ ճանապարհով կփլուզվի»

Ի պատասխան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրից ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկովի տարածած լուսանկարների և հնչեցրած կոչերի, փետրվարի 8-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին այցելել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաժովային ուժերի հենակայան և բարձրացել ռազմանավերից մեկի տախտակամած:

Այդ մասին Արաղչին անձամբ ծանուցել է սոցիալական X հարթակում անգլերեն գրառումով, որ նա ուղեկցել է լուսանկարներով:

Նույն օրն Արաղչին հանդիպում է ունեցել Թեհրանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ և անդրադարձել Մասկատում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններին:

Նա ձևակերպել է, որ Իրանի «հզորությունը կայանում է գերտերություններին «ոչ» ասելու նրա կարողության մեջ»: Փետրվարի 9-ին Իրանի խորհրդարանը գումարել է արտահերթ դռնփակ նիստ, որի ընթացքում պատգամավորները լսել են արտաքին գործերի նախարար Արաղչիին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մուսավիին:

Այդ մասին տեղեկությունը տարածել է Mehr News-ը: Դատելով խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի խոսնակ Ղուդարզիի մեկնաբանություններից, իրանցի պատգամավորները դիվանագիտության համար սահմանել են հստակ կարմիր գծեր: Խոսք չի կարող լինել ուրանի հարստացման և բալիստիկ հրթիռների ծրագրից հրաժարվելու մասին:

Նախօրեին Արաղչին իրանցի ապագա դիվանագետներին ասել է, որ «ԱՄՆ-ը սարսափում է Իրանի միջուկային զենքի հնարավորությունից, որին մենք չենք ձգտում»:

Այս համատեքստում խիստ ուշագրավ գրառում է կատարել Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը. «Ղաջարների ժամանակներից ի վեր Ռուսաստանը երբեք Իրանի բարեկամը չի եղել: Անթույլատրելի է Իրանի հարստացված ուրանի պաշարները հանձնել Ռուսաստանին և այդպիսով նրան ազդեցության զորեղ լծակ տրամադրել»:

Գերտերություններին «ոչ» ասելու Իրանի կարողության մասին Արաղչիի դիտարկումն, ըստ այդմ, կարելի է հասկանալ այնպես, որ Թեհրանը մերժել է հարստացված ուրանի պաշարները Ռուսաստանին «ի պահ հանձնելու» առաջարկությունը:

Որքանով կարելի է կանխատեսել, Իրանի դիվանագիտական մարտավարությունը կառուցվում է կանխադրույթի վրա, որ Գազայի կարգավորման երկրորդ փուլին անցնելու բարդ իրավիճակում ԱՄՆ նախագահը «հարձակման չի անցնի»:

Դա բավական հիմնավոր եզրակացություն է, որովհետև Գազայում կայունությունը մեծապես կախված է Պարսից ծոցի արաբական երկրներից, իսկ նրանք, հատկապես Սաուդյան Արաբիան և Կատարը, ինչպես նաև Թուրքիան դեմ են Իրանի նկատմամբ ռազմական ուժ կիրառելուն:

Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ «իրավիճակի երկվությունից ելնելով» վարչապետ Նաթանյահուն ծրագրել է փետրվարի 11-ին Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Նա կփորձի համոզել, որ Իրանի միջուկային և հրթիռային ծրագիրը «հրեական պետությանը գոյաբանական սպառնալիք են»: Աբաս Արաղչին հավաստիացրել է, որ Մասկատում ամերիկյան կողմի հետ քննարկել է «բացառապես ռազմական ուրանի հարցը»:

Թեհրանի հրապարակային դիրքորոշումը կարելի է ձևակերպել այսպես՝ «միջուկային զենքից հրաժարվելու դիմաց պատժամիջոցների չեղարկում»: ԱՄՆ նախագահը խոստացել է թույլ չտալ, որ Իրանը «երբևէ միջուկային զենք ունենա»:

Ըստ էության, Վաշինգտոնը և Թեհրանը կարող են այդ սկզբունքով «գործարք» կնքել, եթե Իսրայելի «մտահոգությունները փարատվեն»: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը փորձում է Իսրայելին համոզել, որ Իրանում «կրոնապետությունը խաղաղ ճանապարհով կփլուզվի»:

Բայց որքանո՞վ է դա համոզիչ հնչում և իրատեսական պատկերվում, ոչ ոք չգիտի: