ԱՄՆ փոխնախագահ Վենսի Երեւան այցը բոլոր առումներով լրջագույն վերլուծության թեմա է և առաջիկա օրերին, բնականաբար, այդ կարգի հրապարակումների, հարցազրույցների, սոցցանցային ամենաբազմազան գրառումների պակաս չի զգացվի: Առաջին տպավորությամբ, թերևս, կարևոր է երկու արձանագրում անել:
Ի հակակշիռ որոշակի շրջանակների անթաքույց ակնկալիքների, որ նա Երևանում «կկրկնի անցյալ տարի Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Զելենսկու հանդեպ կոշտ վերաբերմունքը», ոչ միայն տրամագծորեն հակառակ պատկերի ականատես եղանք, այլև Միացյալ Նահանգների երկրորդ պաշտոնյայից ուղիղ տեքստով լսեցինք, որ Հայաստանի հետ հատկապես առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը պայմանավորված է վարչապետ Փաշինյանի քաղաքականությամբ:
Այս շեշտադրումը ցրում է «Հայաստանը ոչ թե քաղաքական գործընթացի սեղանի շուրջ, այլ՝ ճաշացանկում» է հակաքարոզչությունը և հստակորեն երաշխավորում հայ-ամերիկյան հարաբերությունների ինստիտուցիոնալությունը:
Երկորրդ և ոչ պակաս իրողությունը կապված է նույն օրը Բաքվում Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ Առևտրային պալատի բարձրաստիճան պատվիրակության հանդիպման համատեքստի հետ, որի ընթացքում, ինչպես Բաքվի իշխանական լրատվամիջոցներն են փոխանցում, Իլհամ Ալիևի սևեռուն հետևողականությամբ Ադրբեջանը ներկայացրել է որպես արդյունահանվող էներգակիրներով հարուս երկիր, որը, սակայն, այս փուլում արտաքին ներդրումների կարիք ունի և կուզենար համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ:
Փետրվարի 10-ի օրվա երկրորդ կեսին ԱՄՆ փոխնախագահը Երևանից կմեկնի Բաքու: Դրան նախորդել է Միացյալ Նահանգների Առևտրային պալատի պատվիրակության և ամերիկյան մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որի մասին կարելի է պատկերացում կազմել Ալիևի այս ձևակերպման իմաստով. «Արբեջանում նավթի և գազի արտահանումից ստացվող եկամուտները արդար են բաշխվում»,- ինչից հետևում է, որ ամերիկյան կողմը Բաքվին «կասկածում» է նավթի և գազի «ստվերային գործարքների մեջ»:
Եթե անգամ այս տպավորությունը հիմնավոր չէ, ապա պարզ է, որ Վենսի և Ալիևի բանակցություններում ռազմավարական գործընկերության ավելի լայն համատեքստ, քան Կասպյան ավազանում նավթի և գազի արդյունահանումը և տարանցման լրացուցիչ ենթակառուցվածքներ են, հազիվ թե քննարկվի:
Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ը նավթի և գազի արտահանող է, ուստի այդ բնագավառում Ադրբեջանի հասանելիությունը, հավանաբար, խիստ քվոտավորվելու է: Պատահական չէ, որ մեկ շաբաթ առաջ Եվրահանձնաժողովը Թուրքիայից և Ադրբեջանից պահանջել է հավաստի ապացույցներ ներկայացնել, որ Բուլղարիայի սահմանին գնվող խողովակաշարային գազը Ռուսաստանյան ծագում չունի:
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Միացյալ Նահանգները ոչ միայն շարունակում է անցյալ տարվա օգոստոսյան պայմանավորվածությունների քաղաքական հանձնառությունը, այլև Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունն այնպես է բալանսավորում, որ ինստիտուցիոնալ խաղաղությունը Բաքվին ռազմավարական հեռանկարում որևէ առավելություն չերաշխավորի:
Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը Հայաստանը և Ադրբեջանը դիտարկում և գնահատում է որպես իր հավասար սուբյեկտությամբ գործընկերներ: Անշուշտ, այդ քաղաքականության պտուղները կարող են հասունանալ ժամանակի մեջ և բարենպաստ պայմաններում:
Էականը գործընթացի ծրագրավորումն է, իսկ հաջողության գրավականը՝ Միացյալ Նահանգների բարձր հեղինակությունը և, անշուշտ, նրա քաշային կարգը:






Բաց մի թողեք
Ֆոն դեր Լեյենը խոստանում է ավելի ուժեղ միասնական շուկա և ավելի քիչ բյուրոկրատիա
Մոսկվային պետք է ստիպել իրական զիջումների գնալ․ Կալլաս
Հունգարիայի ընտրարշավը մտնում է թեժ փուլ՝ Ուկրաինայի, ԵՄ-ի և Թրամփի ուշադրության կենտրոնում