Նավթի հայրենիքից նոր ազդակ ուղարկվեց ի սփյուռ աշխարհի. Ազերբայջանում Ալիեւը համաներմամբ բանտերից ազատ կարձակի նրանց, ովքեր ճաղերի հետեւում են հայտնվել հայ սպանելու մեղադրանքով:
Մեր եռանդուն վարչապետին չենք հարցնում՝ լսե՞լ ես, ի՞նչ ես պատասխանելու, ի՞նչ ես անելու: Պատասխանն ու անելիքը կանխավ հայտնի են՝ լսել է եւ լռելյայն խոնարհությամբ կընդունի հերթական շառաչուն ապտակը: Եղբայրական մի ապտակ եւս՝ խաղաղության խաչմերուկում շվարած դոնկիխոտին:
Ահա ինչու հարցն ուղղում եմ նիկոլի աղանդի հետեւորդներին, «քպլոյախմբի» կարկառուն եւ ոչ այնքան կարկառուն ներկայացուցիչներին. «Հարգելիներս, լսե՞լ եք, դո՞ւք ինչ եք մտածում «հումանիստական» նոր քայլի մասին:
Թե՞ ունեք ձեր պատրաստի պատասխանը, որ աչք եք խոթում առիթ-անառիթ. «Բայց չէ՞ որ մենք էլ ասֆալտ ենք փռում»: Այո, դուք շարունակում ենք միայն ասֆալտ փռել, դուք ու ձեր առաջնորդը, իրոք որ, ասֆալտ փռողի տեսք ու նկարագիր ունեք, այսօր կարողանում եք ասֆալտ փռել, մեկ-մեկ էլ՝ ասֆալտին փռել նրանց, ովքեր ձերոնցից չեն: Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր փռած ասֆալտապատ այդ ճանապարհով բանտից ազատված մարդակերները 500 հազար ազերիների հետ Արեւմտյան Ազերբայջան հռչակյալ մեր տարածքներ կներխուժեն` ձեր նիկոլի ու ձեր խոնարհ թույլտվությամբ:
Այդքան միամի՞տ եք, որ հավատաք, թե կգան ու մեզ հետ եղբայրաբար կապրեն: Դուք չե՞ք լսում, չե՞ք տեսնում նրանց ասածն ու արածը: Հանեք ձեր չոբանի ականջակալներով գլխարկները, դեն նետեք քոռի ակնոցները՝ գուցե հասկանաք գալիք աղետը: Այդ ժամանակ գուցե պատասխանեք, թե Ադրբեջանում 10-11-րդ դասարանի աշակերտների շրջանում հայտարարված շարադրությունների մրցույթով ով ավելի լավ նյութ կգրի՝ «Հայաստանն ադրբեջանական հող է» թեմայով, մեզ ի՞նչ է հուշում: Կամ՝ ինչո՞ւ մանկապարտեզներում, դպրոցներում բեմադրություններ են դնում, որոնք հագեցած են հայերին սպանելու եւ տանջամահ անելու տեսարաններով:
Վերջերս Բաքվի սլավոնական համալսարանում կազմակերպվեց «Արեւմտյան Ադրբեջան» կլոր սեղան-քննարկում՝ Ալիեւի հովանավորությամբ ու ուղերձով, ուր կարմիր թելի պես տարվում էր այն միտքը, որ Արեւմտյան Ադրբեջանը պետք է ներկայացվի որպես պատմականորեն ադրբեջանական տարածք, որտեղ ներկայում գտնվում է Հայաստանը: Էլի՞ օրինակներ բերեմ: Ախր, դրանք բազմաթիվ են: Դուք այսքանին պատասխանեք: Չե՞ք հասկանում, որ ծանրածանր այս ժամանակաշրջանում թշնամու հետ ներդաշն գործող ձեր կառավարությունը չի նկատում արտաքին սպառնալիքները, դրանք ներկայացնում է որպես նոր հաջողություններ: Իսկ ձեր գլխավոր «Հաջողակը» միակ սպառնալիքը տեսնում է… հայ ազգի մեջ:
Ու որպեսզի ջլատի, զրոյական կետի հասցնի (իր սիրած կետին, որից հետո ամեն ինչ զրոյի է վերածվում) հայության դիմադրողականությունը, կյանքի ու մահվան պայքարի է ելել մեր ամենահզոր ազգապահպան բաստիոնի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Թքած, թե քաղաքացիական բախումներն անխուսափելի կլինեն: Առաջնորդին հետաքրքրում է միայն, թե ինչպես րոպե առաջ երկիրը ոսկե սկուտեղով «մատուցանի» անարգ «բարեկամին»: Ահա, այստեղ է նաեւ, որ երկու եղբայրների («Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանի քնքշնվաղ բնորոշմամբ)՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի շահերը համընկնում են: Ահա ինչու է Փաշազադեի միջոցով (նա է հայտարարել՝ «հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է տարածաշրջանային երկրների համար) Ալիեւը շտապեցնում գործելու վերջին գլխավոր, անշուշտ` իր եղբայր նիկոլի համար կործանարար գրոհը մայր եկեղեցու դեմ:
Եվ դուք պատրաստվում եք մասնակցե՞լ ազգադավ ու խելահեղ ձեռնարկին: Փորձում եմ կռահել վերահաս իշխանազրկումից հետո արտաբերելիք ձեր արդարացումները․ «Դե, մենք ի՞նչ անեինք՝ ճար չունեինք»: Դա, իհարկե, ձեզ չի ազատելու պատասխանատվությունից: Որովհետեւ, ժողովրդական խոսքով ասեմ, ձեր չունեցած «ճարը» չի տանում ժողովրդի «չարը»: Այնպես որ՝ ճարներդ գտեք, իզութոզներդ հավաքեք ու հեռացեք: Վստահ եղեք՝ ժողովրդի սրտում խրված «փուշը» հանող հայրենասեր զավակներ ունենք, կգան ու մեզ փրկելու «ճարը» կգտնեն: Այդ դեպքում ձեր բախտն էլ կբերի՝ դուք էլ կփրկվեք:






Բաց մի թողեք
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով
ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հաստատմանը