25/12/2025

Արմավիրի մարզպետի սեփական բաքը զոդողը մահացավ

Դեկտեմբերի 13-ին մենք գրել էինք, որ պայթել է Արմավիրի մարզպետին պատկանող բաքը: Նորապատի բնակիչներն արթնացել էին հուժկու պայթյունի ձայնից:

Բարեբախտաբար օրը շաբաթ էր եւ կողքի մանկապարտեզում այդ օրը հանգստյան օր էր, հակառակ դեպքում երեխաները կարող էին տուժել:

1 տոննա տարողությամբ բաքում զոդման աշխատանքներ էին կատարել, բաքում կուտակված բենզինի գազը պայթել էր։ Զոդումն իրականացնող անձը` ծանր վիճակում տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։ Հարակից տների ու մանկապարտեզի պատուհաններն էին կոտրվել:

Քիչ առաջ տեղեկացանք, որ զոդող տղամարդն այսօր մահացել է` բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը, քանի որ մարմնի 80 տոկոսի այրվածքներ էր ստացել: Արմավիրից տեղեկացանք, որ նա երեք մանկահասակ երեխաների հայր էր, պարկեշտ ու հարգված անձնավորություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին էլ հավի վատորակ մսից թունավորման դեպք էր արձանագրվել «Արմավիր գարդն» սրճարանում` 12 անձ տեղափոխվել էր հիվանդանոց: Այս սրճարանի անունը ևս կապվում է Չոփ մականունով մարզպետ Խաչատրյանի ընտանիքի հետ։