Պուտինը հաճախ է ցիտում Լև Տոլստոյին։ Մի առիթով Տոլստոյից մեջբերում է արել․ «Գիտեք՝ Լև Տոլստոյը մի առիթով ասել է․ «Կյանքում երջանկություն չկա, կան միայն դրա առկայծումներ։ Գնահատեք դրանք»։
Հրապարակ թերթը գրել է․ Քանի որ այդ մեջբերումն արվել է քաղաքական համատեքստում՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հետ գագաթնաժողովից հետո, բնական է ենթադրել, որ ակնարկը պարզ էր․ այնտեղ, որտեղ գործընկերության մեջ վստահություն չկա, կարող են լինել միայն դրա առկայծումները, ոչ ավելին։
Այսօր այդ տրամաբանությունը շատ ակնառու կերպով դրսևորվում է ՌԴ-ի գործընկեր Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Թրամփի համար, օրինակ, Փաշինյանը պարզապես խաղաղության ղուշ է, որի կտուցից կախված է խաղաղության բացիկը․ գեղեցիկ պատկեր, լավ աշխատող սիմվոլ, բայց առանց բովանդակության։
Բայց արի ու տես, որ մեր խաղաղության աղավնուն Պուտինը կարծես չի նկատել։ «Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի առաջնորդներն արժանացել են խաղաղության մրցանակի՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար»,– հայտարարել է Պուտինը։
Իսկ մե՞րը։ Կասեք՝ բա հետո՞…
Հանրության մոտ բնական զարմանք է առաջանում․ բա մեր աղավնուն ինչո՞ւ խաղաղության մրցանակ չեք տվել, պարոն Պուտին։ Թե՞ խաղաղությունը միայն այն ժամանակ է արժևորվում, երբ առկայծումից այն կողմ է անցնում ու դառնում է ինչ–որ չափով կանխատեսելի, կառավարելի, վստահելի։ Թե՞ մեր դեպքում խոսքը պարզապես գեղեցիկ քաղաքական դեկորացիայի մասին է, որը լավ է աշխատում ներքին սպառման համար, բայց արտաքինում այլևս չի տպավորում։
Եվ քանի որ այդ մրցանակը կրում է Լև Տոլստոյի անունը, իսկ ՌԴ նախագահն էլ նրան այդքան հաճախ է ցիտում, եկեք տրամաբանական ավարտին հասցնենք միտքը․ մերը, երևի, ոչ թե խաղաղություն է, այլ խաղաղության առկայծումներ։ Լույսեր, որոնք միանում են ճիշտ պահին ու անջատվում՝ նույնքան արագ։
Ու հիմա հանրության մոտ մնում է մի պարզ, բայց շատ քաղաքական հարց․ եթե մերն ընդամենը խաղաղության «առկայծում» է, ապա ինչի՞ համար էր այսքան բարձր աղմուկը աղավնու շուրջ։ Եթե մրցանակ չկա, վստահություն չկա, շարունակություն չկա, ուրեմն աղավնին պարզապես սիմվոլ է՝ առանց թևերի ու թռիչքի։






Բաց մի թողեք
«Ես չեմ պատրաստվում Ալիեւի տնային աշխատանքը կատարել, ովքեր մասնակցում են, նրանցից հարցրեք»
Ինչքան հնարավոր է վարկաբեկում է, ստորացնում
Նրանք հազար ու մի անշնորհքություն կարող են անել Մայր Աթոռում, իմ երեւակայությունը չի բավականացնում՝ պատկերացնելու համար