25/12/2025

Եկող տարի 46 համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ

Հաջորդ տարվա աշնանը Հայաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։

Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ընտրություններ նախատեսված են 46 համայնքներում։ Հովակիմյանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված որոշ համայնքներում ընտրությունները անցկացվելու են մեծամասնական կարգով։

Նշվել է նաև, որ բացառությամբ Գյումրու, ընտրություններ կանցկացվեն բոլոր մարզկենտրոններում։ Համամասնական կարգով ընտրություններ կանցկացվեն Արտաշատում, Աշտարակում, Արմավիրում, Գավառում, Հրազդանում, Վանաձորում, Իջևանում, Կապանում և Եղեգնաձորում։

ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ ընտրությունները նախատեսվում է անցկացնել երեք օրերի ընթացքում, հավասարաչափ բաշխված համայնքներում։ Առաջնային որոշումներով ընտրության օրերն են՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը, սակայն դեռ չի որոշվել, թե կոնկրետ որ համայնքներում որ օրերին կանցկացվեն ընտրություններ։