Մեզ հետաքրքրում է, թե Միացյալ Նահանգները Եվրամիության վերաբերյալ ինչ քայլեր է ձեռնարկելու, բայց ավելի հետաքրքրիր է, թե ԵՄ հետ ինչ է մտադիր անել այն ոչ պաշտոնական ուժը, որ այսօր եվրոպական բյուրոկրատիային կոնկրետ որոշումներ է թելադրում: Այդ մասին հայտնում է apsny.ge առցանց լրատվամիջոցը:
Նման երկիմաստ միտք հանրային հեռուստատեսության եթերում հնչեցրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նրա գնահատմամբ, Եվրամիությունում «ծավալվում են բավական ծանր գործընթացներ, որ սկզբից մինչև վերջ կառավարվում են ոչ պաշտոնական ուժերի թելադրանքով»:
Վրաստանի վարչապետը չի մասնավորեցրել, թե խոսքը «ոչ պաշտոնական» ինչ ուժերի մասին է, բայց հատկանշել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության նոր հայեցակարգում Եվրոպային վերաբերող դրույթները «լիովին համապատասխանում են» այն անհանգստություններին, որ ունի «Վրացական երազանքը»:
Կոբախիձեն ձևակերպել է, որ Եվրամիությունը տասնամյակներ շարունակ միջազգային քաղաքականության ուժեղ կենտրոն է եղել շնորհիվ երկու գործոնի՝ բացառիկ բարեկեցության և քաղաքակրթական ինքնության:
Կոբախիձեի գնահատմամբ, վերջին շրջանում Եվրամիությունը տնտեսապետ զիջում է Միացյալ Նահանգներին, իսկ Չինաստանի հետ գտնվում է նույն մակարդակի վրա՝ գեներացնելով տարեկան 19 տրիլիոն եվրո ՀՆԱ:
Ինչ վերաբերում է քաղաքակրթական ինքնությանը, ապա Վրաստանի վարչապետը գտնում է, որ Եվրամիությունը «գրեթե դադարել է օրինակելի լինել»: Ամփոփելով, Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «դրական ազդեցություն կունենա այն գործընթացների վրա, որ ծավալվում են Եվրամիությունում»:
Եվրամիությունը պատրաստվում է քննարկել Վրաստանի անդամակցության հարցը: Իշխող տեսակետ է, որ կընդունվի Վրաստանի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը չեղյալ ճանաչելու որոշում:
Այս առումով ԵՄ-ում «ոչ ֆորմալ ուժերի» մասին Իրակլի Կոբախիձեի դիտարկումները կարելի է դժգոհության դրսևորում համարել, բայց նա նաև ասել է, որ Վրաստանը «փոքր երկիր է և պետք է հետևի, թե ինչպես են դասավորվում ուժեղների հարաբերությունները»:
Վրաստանի վարչապետը հասկանալի պատճառներով չի անդրադարձել Ռուսաստանի և Չինաստանի հետ կապերին: Ըստ երևույթին, «Վրացական երազանքը» հանրությանը քարոզում է, որ «Եվրամիությունն ինքը հարկադրված կլինի դիմել Վրաստանի օգնությանը, երբ լիովին կզրկվի ԱՄՆ աջակցությունից, իսկ մինչ այդ պետք է ճկունություն դրսևորել»:
Էական է մի հանգամանք. Թբիլիսիի «սպասումները» ներքի՞ն, թե՞ աշախարհաքաղաքական մոտիվացիա ունեն: Եվրամիությունը փաստացի «Վրացական երազանքի» իշխանությունը լեգիտիմ չի ճանաչում, Եվրախորհրդարանը նույնիսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու «անհրաժեշտություն» է սահմանել:
Բայց Վրաստանի և Միացյալ Նահանգների քաղաքական հարաբերությունները նույնպես «անամպ չեն»: Վրաստանի աշխարհաքաղաքական-քաղաքակրթական ընտրությունը Հայաստանի համար նշանակալի է:






Բաց մի թողեք
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով
ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հաստատմանը