Turkiye իշխանամետ պարբերականը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քաղաքականությունից հեռանում է:
Նա այսուհետև «կզբաղվի գլոբալ խնդիրներով, պարբերաբար հանդես կգա հոդվածներով և տեսաուղերձներով»:
Քըլըչդարօղլուն որոշում ընդունել է կուսակցության համագումարից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ԺՀԿ առաջնորդի պաշտոնին վերադառնալու փորձը ձախողված է:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելի «ոչ լեգիտիմ ընտրության» հարցը նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ քննվել է դատախազության կողմից, բայց չի հիմնավորվել: Օզելը պաշտոնում վերընտրվել է համագումարի պատվիրակների ձայների բացարձակ մեծամասնությամբ: Այդ իրավիճակում քաղաքականությունից Քըլըչդարօղլուի հեռանալը տրամաբանական է:
Արտառոցն այն է, որ նա հայտարարել է Թուրքիայի նախագահի թեկնածուի «ստվերային կաբինետի» գոյության մասին, որ, նրա խոսքերով՝ «երկրում ստեղծել է զուգահեռ կառավարում»:
ԺՀԿ վերջին համագումարը Թուրքիայի նախագահի թեկնածու է հաստատել Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուին: Կուսակցության առաջնորդ Օզելը վերջերս տեղեկացրել է, որ Իմամօղլուի թեկնածությունը պաշտպանում է ընտրելու իրավունք ունեցեղ քսանհինգ միլիոն քաղաքացի:
Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում հաղթել է ԺՀԿ-ն, բայց անցած ավելի քան երկու տարիներին տասնյակ քաղաքապետների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:
Ամենացայտունը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից Իմամօղլուի հեռացումը և նրա կալանավորումն է: Ըստ երևույթին, Քեմալ Քըլըչդարօղլուն «ստվերային կաբինետ» ասելով նկատի ունի ԺՀԿ-ից ընտրված քաղաքապետներին, որ «ենթարկվում են նախագահի թեկնածուին»:
ԺՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Օզելը Քըլըչդարօղլունի մեղադրել է իշխանությունների հետ համագործակցելու և «քսան տոկոսանոց մշտական ընդդիմության» դեր կատարելու մեջ:
«Ստվերային կաբինետի» և «զուգահեռ կառավարման համակարգի» մասին Քըլըչդարօղլուի հայտարարությունը, կարծես, հաստատում է նրա Էրդողանի «գործակալ լինելու» հանգամանքը: Այլ կերպ, քան «սվերային կաբինետը» ցրելու կոչ այդ հայտարարությունը դժվար է գնահատել:
Թուրքիայի նախագահը կառավարության վերջին նիստից հետո խոսել է հայ-թուրքական կարգավորումից և եկող տարեսկզբից այդ ուղղությամբ «խորհրդանշական քայլեր» անոնսավորել:
Թուրքիայում քրդական հարցի հետ կապված ներքաղաքական լարվածություն է: Եթե դրան գումարվի նաև «ստվերային կաբինետի» դեմ պայքարը, իսկ այլ կերպ հազիվ թե լինի, ապա իշխանությունը պահելու համար Էրդողանի պայքարն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:






Բաց մի թողեք
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով
ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հաստատմանը