«Ի՞նչ է «Զանգեզուրի միջանցքը»»,- Turan Union ֆեյսբուքյան խմբում հարցադրում է անում թուրք վերլուծաբան Հաքան Քահրամանը և պատասխանում, որ այն «նպատակ ունի ցամաքային և երկաթուղային ուղղակի կապ հաստատել Նախիջևանի ինքնավար պետության և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»:
Նա «Հայաստանի տարածքում Սյունիքը» գնահատում է «զգայուն շրջան», որ արևելքից սահմանակից է Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին:
Արձանագրենք, որ թուրք վերլուծաբանը Սյունիքի համար «Արևմտյան Զանգեզուր» ադրբեջանական տերմինը չի օգտագործում և «զգայուն շրջանը» ճանաչում է որպես Հայաստանի տարածք:
Ըստ Հաքան Քահրամանի, «միջանցքը գործելու է որպես կենսական նշանակության առեւտրային և էներգետիկ տրանզիտային ուղի և Կասպից ծովը արդյունավետորեն կկապի Միջերկրականի և Բասրայի ծոցի հետ»:
Այնուհետև թուրք վերլուծաբանն անցնում է «միջանցքի» ռազմավարական նշանակությանը և ձևակերպում, որ այն «նպատակ ունի խաթարել Իրանի մուտքը Հարավային Կովկաս և հեշտացնել Իսրայելի աշխարհաքաղաքական ապաշրջափակումը՝ կտրելով Թեհրանի տարածաշրջանային կապերը Ռուսաստանի հետ», խոստանում «այլ էֆեկտների անդրադառնալ վերլուծության հետագա դրվագներում» և եզրահանգում, որ նախագիծը «տնտեսական նպատակներից զարտ խորը հետևանքներ կունենա տարածաշրջանում ուժային հավասարակշռության համար»:
Այս վերլուծությունը խիստ արտառոց է մի քանի նկատառումներով: Նախ, Իրանը մուտքը Հարավային Կովկաս հնարավոր չէ խաթարել, քանի որ Իրանը և Ադրբեջանը ցամաքային հաղորդակցություն ունեն և պատրաստվում են գործարկել նաև «Արաքսի միջանցքը»:
Երկրորդ, Սյունիքի տրանզիտը չի կտրում Թեհրանի և Ռուսաստանի կապը, քանի որ Իրանը և Ռուսաստանը նախագծել են Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն և արդեն իսկ ձեռնամուխ են եղել դրա իրականացմանը:
Երրորդ, տառացիորեն երկու առաջ Թուրքիան, Իրանը և Կենտրոնական Ասիայի երկրներն ու Չինաստանը տրանսպորտային համատեղ երթուղի գործարկելու համաձայնագիր են ստորագրել:
Չորրորդ, Մերձավոր Արևելքում Իսրայելին տրանսպորտային շրջափակման ձգտող Թուրքիան հազիվ թե նպատակադրված լինի հրեական պետության շահերը սպասարկել Հարավային Կովկասում:
Ի վերջո, անտրամաբանական է, որ թուրք վերլուծաբանը «Թրամփի ուղու» տարածաշրջանային և ռազմավարական նշանակության մասին գրեթե նույն տեսակետն է զարգացնում, ինչը զգում ու բարձրաձայնում է նաև Հայաստանի ընդդիմությունը:
Իսկ գուցե այդ վերլուծության «տրամաբանությունը» հենց դա՞ է:






Բաց մի թողեք
Բաքուն բզբզում է, իբր «Հանուն Իսրայելի հետ մերձեցման Հայաստանը զոհաբերում է Իրանի շահերը»
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի միջեւ «մրցակցություն է սկսվել»
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»